
Եվրոպայում ամենամեծ չինական դեսպանատունը՝ Լոնդոնում
Լոնդոնում կկառուցվի Եվրոպայում ամենամեծ չինական դեսպանատունը․ գրում է Reuters գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել առաջարկին՝ հույս ունենալով բարելավել հարաբերությունները Չինաստանի հետ՝ չնայած բրիտանացի և ամերիկացի քաղաքական գործիչների նախազգուշացումներին, որ այն կարող է օգտագործվել որպես լրտեսության բազա։
Լոնդոնի աշտարակի մոտ գտնվող երկդարյա Թագավորական դրամահատարանի տեղում նոր դեսպանատուն կառուցելու Պեկինի ծրագրերը երեք տարի շարունակ կասեցվում էին տեղի բնակիչների, օրենսդիրների և Մեծ Բրիտանիայում Հոնկոնգի ժողովրդավարամետ ակտիվիստների դիմադրության պատճառով։
Որոշման մասին հայտարարվել է այս ամիս վարչապետ Քիր Սթարմերի՝ Չինաստան կատարելիք այցից առաջ, որը կլինի 2018 թվականից ի վեր բրիտանացի առաջնորդի առաջին այցը Չինաստան։
Բրիտանական անվտանգության համակարգի պաշտոնյաները նաև զգուշացրել են, որ Չինաստանին մեծ դեսպանատուն կառուցել թույլ տալը նշանակում է Մեծ Բրիտանիայում ավելի շատ չինացի լրտեսներ, ինչպես նաև ավելի շատ դիվանագետներ՝ պնդում, որը մերժվել է Լոնդոնում Չինաստանի դեսպանատան կողմից։
Մեծ Բրիտանիայի MI5 ներքին լրտեսական գործակալության ղեկավարը հոկտեմբերին հայտարարել էր, որ գործակալությունն օտարերկրյա դեսպանատների հետ աշխատելու ավելի քան մեկդարյա փորձ ունի, ինչը ենթադրում է, որ ցանկացած անվտանգության ռիսկ հնարավոր կլինի կառավարել։
Գործակալությունը, սակայն, զգուշացրել է Չինաստանի կողմից բրիտանական կառավարության հետ կապ ունեցող մարդկանց հավաքագրելու հնարավոր փորձերից առաջացող սպառնալիքի մասին: Գործակալությունը նոյեմբերին Պեկինի կողմից բրիտանական քաղաքականությանը միջամտելու փորձերի մասին նախազգուշացում էր ուղարկել օրենսդիրներին։
Կառավարությունն, այնումանեայնիվ, հաստատել է նոր դեսպանատան կառուցումը։ Նշվում է, որ Պեկինի հետ հարաբերությունների վերականգնումը Սթարմերի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Սթարմերն անցյալ ամիս հայտարարել էր, որ Չինաստանի հետ ավելի սերտ գործարար կապերը բխում են Բրիտանիայի ազգային շահերից։


