
Սևանում հայտնի օլիգարխներից մեկին պատկանող շինությունը նորոգելիս վարպետներն ընկել են 12 մ բարձրությունից․ մեկը մահացել է
Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ գրում է Shamshyan.com-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ կեսօրին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում մահացած ու վիրավոր քաղաքացիներ կան։
«Նշված կիսակառույց շինության մոտ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մարմին։ Մեկ քաղաքացու էլ տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Արտուշ Գ-ն է, իսկ վիրավորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա-ն։ Շենքում կատարվելիս են եղել վերանորոգման աշխատանքներ, ու նշված անձինք վերամբարձ կռունկի միջոցով պետք է ապակիներ տեղադրեին։ Սակայն մոտ 12 մետր բարձրության վրա աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը կտրվել է, և նրանք վայր են ընկել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից (օլիգարխներից) մեկին»,- տեղեկացնում է կայքը։


