
Իշխանությունները խաղաղության մասին են խոսում, բայց զավթիչը չի հանում իր զորքը մեր երկրից. Արթուր Խաչատրյան
Իշխանությունները խոսում են խաղաղության մասին, սակայն չեն կարողանում բերել մի որևէ օրինակ, երբ երկու երկրների միջև հաստատվում է խաղաղություն, բայց զավթիչն իր զորքը մյուս երկրից չի հանում․ այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հիմա կասեն օգոստոսի 8-ին ստորագրվեց մի պատմական համաձայնագիր, որով վերջ է դրվում Հայաստանի շուրջ 30 տարվա շրջափակմանը։ Իսկ այս հունվարի 14-ին այդ շրջափակմանը վերջ դնելու մանրամասները քննարկվեցին։ Խոսքը TRIPP-ի մասին է։ Հայաստանն Ադրբեջանին տալիս է մուլտիմոդալ անցում, իսկ Հայաստա՞նն ինչ է ստանում, սրանով ինչպե՞ս է ճեղքվում Հայաստանի շրջափակումը։ Ո՛չ այս թղթի մեջ, ո՛չ օգոստոսի 8-ի թղթի մեջ որևէ ակնարկ չկա, որ Ադրբեջանը ՀՀ-ին տրամադրում է անխոչընդոտ անցում։ Ինչ-որ անորոշ փոխադարձ առավելությունների մասին է խոսքը»,- ասաց նա։


