
ՄԱԿ-ը զգուշացնում է՝ աշխարհը մտել է «ջրի համաշխարհային սնանկության» դարաշրջան
Տասնամյակների մարդկային գործունեությունն «անդառնալի վնաս» է հասցրել մոլորակի ջրային պաշարներին․ գրում է Euronews-ը։
ՄԱԿ-ի համալսարանի (UNU) նոր զեկույցը զգուշացնում է, որ տասնամյակներ շարունակ անտառահատումները, աղտոտումը, հողի քայքայումը և ստորգետնյա ջրերի սպառումն «անդառնալի վնաս» են հասցրել մոլորակի ջրային պաշարներին և դրանց վերականգնվելու հնարավորություններին։
Ըստ զեկույցի՝ «ջրային ճգնաժամ» արտահայտությունն այլևս ճշգրիտ չի արտացոլում այսօրվա դաժան իրականությունը։
Նշվում է, որ աշխարհի քաղցրահամ ջրի մեծ մասն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։
«Երբ ջրի սակավությունը խաթարում է գյուղատնտեսությունը մի տարածաշրջանում, հետևանքները տարածվում են համաշխարհային շուկաներում՝ ազդելով քաղաքական կայունության և պարենային անվտանգության վրա այլուր», – ասել է ՄԱԿ-ի ջրային հարցերով վերլուծական կենտրոնի տնօրեն Քավե Մադանին՝ նշելով, որ ջրային պաշարների հարցը ոչ թե տեղական, այլ գլոբալ խնդիր է։
Ըստ զեկույցի՝ աշխարհի խոշոր լճերի 50 տոկոսի ջրի մակարդակը նվազել է 1990-ականների սկզբից ի վեր։ Վերջին հինգ տասնամյակների ընթացքում վերացել են նաև 410 միլիոն հեկտար բնական ճահճուտներ։ Սա կազմում է գրեթե ԵՄ-ի տարածքին հավասար տարածք։ 1970-ական թվականներից ի վեր համաշխարհային սառցադաշտերի կորուստն աճել է 30 տոկոսով, իսկ հողերի աղակալումը վնասել է մոտ 100 միլիոն հեկտար վարելահող։
Զեկույցում նշվում է, որ աշխարհը պետք է դադարի ջուրը որպես փոքր տեխնիկական խնդիր դիտարկելուց և սկսի այն կառավարել որպես խոշոր գլոբալ ճգնաժամ, որն ազդում է կլիմայի, սննդի և կենսապահովման վրա։


