
«Make America Go Away»․ համացանցում գրենլանդացիներն ու դանիացիները տարածում են Թրամփին ծաղրող նոր գլխարկներ
Համացանցում գրենլանդացի և դանիացի օգտատերերը տարածում են «Make America Go Away» («Ստիպե՛նք Ամերիկային հեռանալ») գրությամբ կարմիր գլխարկներ․ գրում է Euronews-ը։
Կարող է թվալ, թե Գրենլանդիայում և Դանիայում ի հայտ եկող կարմիր գլխարկները զարմանալիորեն ծանոթ են․ այդպես էլ կա։ «Make America Go Away» գրությամբ գլխարկները ստեղծվել են՝ ծաղրելու Թրամփի առաջնորդած MAGA՝ «Make America Great Again» շարժումը, որը թարգմանաբար նշանակում է «Ամերիկան կրկին հզոր դարձնե՛նք»։
Կոպենհագենի վինտաժ հագուստի խանութի սեփականատեր Ջեսպեր Ռաբե Տոնեսենի ստեղծած գլխարկները մեծ հաջողություն չունեցան անցյալ տարի՝ թողարկումից հետո: Այժմ, երբ ԱՄՆ-ԵՄ լարվածությունը Գրենլանդիայի շուրջ սրվել է, գլխարկները նոր հետաքրքրություն են առաջացրել:
«Երբ ամերիկյան պատվիրակությունը մեկնեց Գրենլանդիա, մենք հասկացանք, որ դա, հավանաբար, կատակ չէր՝ դա ռեալիթի շոու չէր, այլ իրականություն», – ասել է 58-ամյա Տոնեսենը։
Գլխարկի դիզայնի ժամանակ օգտագործվել է նաև բառախաղ։ Գլխարկի դիմացի հատվածում գրված է «Nu det NUUK!», որը դանիերեն «Nu det nok» արտահայտության փոփոխված տարբերակն է։ «Nu det nok» նշանակում է «Արդեն բավական է»։ Իրական արտահայտության «nok» բառի փոխարեն օգտագործվել է Գրենլանդիայի մայրաքաղաքի անունը՝ Նուուկ։


