
Հայաստանի գիտատեխնոլոգիական հզորացումը պետք է լինի քաղաքական ուժերի նախընտրական օրակարգի առանցքում․ Գիտուժ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Գիտուժ» քաղաքացիական ապակուսակցական նախաձեռնությունը հայտարարում է իր պատրաստակամությունը՝ հանդիպելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը։
«Միավորելով 208 անհատ անդամների (գործարարներ, կառավարիչներ) և 24 կազմակերպությունների (բիզնես և մասնագիտական ասոցիացիաներ, հիմնադրամներ)՝ մեր համայնքն առաջնորդվում է մեկ առաքելությամբ՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։
Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն անհնար է պատկերացնել առանց հզոր գիտատեխնոլոգիական էկոհամակարգի։ Օրվա հրամայականն է, որ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում այս ոլորտին վերաբերող դրույթները հիմնվեն պետության իրական կարիքներից բխող ռազմավարական լուծումների վրա, որոնք կապահովեն, որ մինչև 2030 թվականը հետազոտությունների և մշակումների (ՀևՄ, R&D) ծախսերը հասնեն ՀՆԱ-ի առնվազն 2%-ի, որից 1%-ը՝ պետական ծախսեր։ Հարկ է նշել, որ նույնիսկ այս ցուցանիշը ցածր է ԵՄ անդամ երկրների համար սահմանված 3% թիրախից։
Մենք պատրաստ ենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին ներկայացնել և տրամադրել մեր կուտակած փորձագիտական գիտելիքը, մասնավորապես՝ ՀՀ ՀևՄ (R&D) քաղաքականության, ֆինանսավորման մեխանիզմների ու ինստիտուցիոնալ կառույցների առկա վիճակը և բացերը, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծությունը, և քննարկել իրենց քաղաքական ծրագրերի՝ մեր օրակարգին վերաբերող հատվածը։
«Գիտուժ» համայնքը ուշադրությամբ հետևելու է, թե քաղաքական ուժերն իրենց ծրագրերում ինչ լուծումներ և իրագործման ինչպիսի մեխանիզմներ են առաջարկում ուղղված մեր բարձրաձայնած խնդիրների արագ և արդյունավետ հաղթահարմանը։ Անհրաժեշտության դեպքում մենք հանդես ենք գալու բացառապես փաստահեն և հիմնավորված դիրքորոշումներով։
Դիմում ենք ՀՀ քաղաքացիներին. ուշադրություն դարձրեք գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության վերաբերյալ քաղաքական ուժերի ծրագրային դրույթներին։ Հիշեք՝ ցանկացած ժամանակ, և հատկապես հիմա, անվտանգային ու տնտեսական մրցունակության ամուր հիմքը գիտության և տեխնոլոգիաների ռազմավարական և լայնածավալ կիրառումն է։
Հանդիպումներ և քննարկումներ նախաձեռնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով»։


