
Իտալական «Թութանհամոնի դամբարանը». հնագետները հայտնաբերել են 2000-ամյա բազիլիկայի մնացորդներ
Իտալիայում հնագետները հայտնաբերել են հին հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիոսի նախագծած 2000-ամյա բազիլիկայի մնացորդներ․ գրում է Euronews-ը։
Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին գտածոն համեմատել է Թութանհամոնի դամբարանի հետ՝ հավելելով, որ դա «մի բան է, որի մասին դեռ մեր թոռները կխոսեն»։
Բազիլիկան հայտնաբերվել է Լե Մարշ շրջանի Ֆանո քաղաքում իրականացվող պեղումների ժամանակ: Հետազոտողները կարողացել են այն նույնականացնել որպես Վիտրուվիոսի նախագիծ՝ գտնելով ճարտարապետի նկարագրությանն ուղղակիորեն համապատասխանող սյուներ:
Վիտրուվիոսի «Ճարտարապետության մասին տասը գիրքը» ճարտարապետության մասին միակ ամբողջական տրակտատն է, որը պահպանվել է հնագույն ժամանակներից և համարվում է ճարտարապետական տեսության վերաբերյալ առաջին գիրքը։
Շենքերի դասական համամասնությունների վերաբերյալ նրա ցուցումները դարեր շարունակ հիմք են հանդիսացել նկարիչների աշխատանքների համար, այդ թվում՝ Լեոնարդո դա Վինչիի, որի հայտնի նկարներից մեկը հայտնի է որպես վիտրուվյան մարդ։
Վիտրուվիոսն իր հիմնարար տեքստում հատուկ անդրադարձել է բազիլիկային՝ այն նկարագրելով որպես արդարադատության և բիզնեսի կառավարման համար նախատեսված վեհաշուք հասարակական շենք։


