
Համացանցը՝ աշխարհի չորրորդ ամենամեծ աղտոտող
Եթե համացանցը լիներ երկիր, այն կլիներ աշխարհի չորրորդ ամենամեծ աղտոտողը․ գրում է Euronews-ը։
Համացանցը պատասխանատու է համաշխարհային ածխածնի արտանետումների 3.7 տոկոսի համար՝ գերազանցելով օդային ճանապարհորդությունների հասցրած վնասը։
Ահա, թե ինչու են գիտնականները ստեղծել նորարարական գործիք՝ լույս սփռելու այն բանի վրա, թե ինչպես է մեր գործունեությունը համացանցում ազդում բնության վրա։
Էքսետերի համալսարանի կլիմայի փորձագետների և Madeby.studio-ի հետ համատեղ մշակված Digital Impact for Species ծրագիրը կարող է վերլուծել ցանկացած կայքի բնապահպանական ծախսերը։
«Երբ այցելում ենք որևէ կայք, հազվադեպ ենք մտածում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին», – ասում է Էքսետերի բնության և կլիմայի ազդեցության թիմի նախագծի ղեկավար Մարկոս Օլիվեյրա կրտսերը։
Նշվում է, սակայն, որ ամեն անգամ, երբ որևէ կայք ենք այցելում, օգտագործում ենք մեծ քանակությամբ ռեսուրսներ։ Տեղեկատվությունը տվյալների կենտրոնից (որտեղ պահվում է կայքը) օգտատիրոջ համակարգչին կամ հեռախոսին ուղարկելու համար անհրաժեշտ է էլեկտրաէներգիա։ Ջուրը, միևնույն ժամանակ, օգտագործվում է կայքը աշխատեցնող սերվերները սառեցնելու համար։
Ձեր այցելած ցանկացած կայքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հաշվարկելու համար պետք է URL-ը տեղադրել Digital Impact for Species ծրագրի որոնման դաշտում: Այնուհետև այն կներկայացնի ընդհանուր գնահատական՝ A+-ից մինչև F, ինչպես նաև որոնման ազդեցությունը բնության վրա:
Օրինակ՝ YouTube.com-ը, որն ամեն ամիս մշակում է միլիարդավոր որոնումներ, դասակարգված է C դիրքում, ինչը նշանակում է, որ կարելի է բարելավումներ կատարել դրա՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով: Այս հայտնի կայքի յուրաքանչյուր դիտում առաջացնում է 0.249 գ ածխաթթու գազ (CO2), օգտագործում է 0.0011 լիտր ջուր և 0.62 Վտժ էներգիա:
YouTube ամսական յուրաքանչյուր 9000 այցելության համար անհրաժեշտ է 10 լիտր ջուր, որը բավարար է կապուչին տեսակի կապիկի 77 օր գոյատևման համար:
Ամսական 9000 այցելությունը նաև օգտագործում է 6 կՎտժ էներգիա, որը համարժեք է 1000 կոլիբրիների կողմից 332 օրվա ընթացքում օրական սպառվող էներգիային։
«Խոսքը մեծ բնապահպանական ազդեցություն ունեցող կայքերին ամոթանք տալու մասին չէ, այլ մարդկանց ներգրավելու և քննարկումներ խթանելու մասին է, թե ինչպես կարող ենք կառուցել ավելի կայուն համացանց», – հավելում է Օլիվեյրա կրտսերը։


