
Շնորհակալություն բոլորին՝ բացի անմիջական ղեկավարից․ հրաժարական տված փոխնախարարը «զեղչել» է Արսեն Թորոսյանի անունը
Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում․ Facebook-ի իր էջում գրել է փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ու շնորհակալություն հայտնել կառավարական կաբինետի տարբեր ներկայացուիչների։ ABCMedia-ն նկատեց, որ արդեն նախկին փոխնախարարի՝ գործընկերներին ուղղված շնորհակալության ցանկում չկա նախարար Արսեն Թորոսյանի անունը։
«Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հետևողականության համար։
Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային պրոֆեսիոնալ համակարգման, գործընկերային ու մարդկային վերաբերմունքի համար։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին, ում ոլորտային առաջնորդությամբ աշխատել ենք թիմային փոխվստահության մթնոլորտում և ում հետ միասին հաղթահարել ենք հետճգնաժամային իրավիճակները, հեղինակել և ներդրել ենք համակարգային նշանակության մի շարք նախագծեր.
Շնորհակալ եմ նախարարության բոլոր գործընկերներիս, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև միջազգային և մասնավոր կառույցների գործընկերներին՝ պետության ուժեղացման գործում արդյունավետ համագործակցության համար, և սիրելի քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և համբերության համար»,- նշել է պաշտոնաթող փոխնախարարը։


