
Դոնալդ Թրամփից եկող իրական վտանգը․ The Economist-ը պատկերել է Թրամփին՝ սպիտակ արջի վրա նստած
Գրենլանդիայի շուրջ ճգնաժամը, որը սպառնում էր կլանել ՆԱՏՕ-ն, մեղմացել է։ Բայց որքա՞ն ժամանակով։ Սա կարող է լինել միայն մարտավարական նահանջ։ Թրամփը տարիներ շարունակ երազել է Գրենլանդիայի մասին։ Արկտիկական կղզին գրավելու իր մտադրությունը ներկայացնելիս նա ՆԱՏՕ-ի մասին խոսել է այնպիսի արհամարհանքով, որը եվրոպական մայրաքաղաքներին բարձր զգոնության վիճակի է բերել․ գրում է The Economist-ը։
Նշվում է, որ Գրենլանդիայի ճգնաժամը դասեր է պարունակում բոլոր երկրների համար։ Թրամփը կարող է որոշակի ճնշման տակ կարճաժամկետ զիջումների գնալ՝ չհրաժարվելով, սակայն, իր երկարաժամկետ նպատակներից։ Բացի այդ, պատմությունը վերաշարադրելու նրա պատրաստակամությունը քայքայել են ԱՄՆ-ի հետ դաշինք կազմող պետությունների վստահությունը։ Եվ վերջապես, Թրամփի հետ ցանկացած վեճ կարող է վտանգավոր կերպով սրվել՝ դառնալով անգամ գոյաբանական սպառնալիք։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահը նախանշում է գլոբալ վերադասավորում, որին դաշնակիցները պետք է պատրաստվեն։
Եվրոպայի բախտն այս անգամ բերեց, քանի որ Գրենլանդիան այս պահին այդքան էլ կարևոր չէ ԱՄՆ-ի համար․ ԱՄՆ-ն արդեն իսկ ունի ռազմական բազա Գրենլանդիայում, գոյություն ունեցող պայմանագրերն Ամերիկային տալիս են գրեթե ամեն ինչ, ինչ նրան անհրաժեշտ է, ուստի Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը գրեթե ոչինչ չի տա ԱՄՆ-ին այս պահին։
Ամսագիրը նշում է, սակայն, որ վտանգը չի անցել։ Այնուամենայնիվ, Թրամփը չի դադարել խոսել Գրենլանդիային տիրանալու մասին․ նա կարող է վերականգնել մաքսատուրքերը, կարող է նույնիսկ սպառնալ ուժով։ Նույնիսկ, եթե համաձայնություն ձեռք բերվի, նրա բառապաշարը խոր արհամարհանք է ցույց տալիս Եվրոպայի նկատմամբ, և նա չի հավատում, որ ՆԱՏՕ-ն օգուտ է բերում ԱՄՆ-ին։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն 100%-ով վճարել է ՆԱՏՕ-ի համար և երբեք ոչինչ չի ստացել դրա դիմաց։ Սա ՆԱՏՕ-ի պատմության և Եվրոպայի ապագայի ծաղրերգություն է։ Թրամփը համարում է, որ Եվրոպական պետությունները անվճարունակ են։
Ըստ հրապարակման՝ նա դժվար թե դադարի կարծել, որ «դաշնակիցները ապուշներ են», իսկ ընդհանուր արժեքները «տգետների համար» են։ Դա, անշուշտ, կհանգեցնի հետագա առճակատման, լինի դա Գրենլանդիայի, թե որևէ այլ բանի շուրջ։ Հետևաբար, Ամերիկայի ընկերները՝ Եվրոպայում և դրանից դուրս, պետք է պատրաստվեն այն աշխարհին, որտեղ նրանք մենակ կլինեն։
Նշվում է, որ այս ամենի հետևանքով ամենամեծ վտանգը ավելի վտանգավոր աշխարհի ձևավորումն է։ Եթե դաշնակիցները դադարեն վստահել ԱՄՆ-ին, Գերմանիան, Ճապոնիան, Լեհաստանը և Հարավային Կորեան կարող են ավելի արագ վերազինվել։ Ոմանք կարող են ձգտել միջուկային զենքի, գլոբալ անկայունությունը կաճի, Ռուսաստանը և Չինաստանը կարող են դիմել ավելի ռիսկային կամ ագրեսիվ գործողությունների, կարող է պատերազմ բռնկվել՝ նույնիսկ ԱՄՆ-ի ներգրավմամբ։ Թրամփի մոտեցումը կարող է ստեղծել հենց այն քաոսը, որից նա ցանկանում է խուսափել։
Ամսագիրը նշում է, որ անցած տասնամյակներում Եվրոպան եղել է ամերիկյան պաշտպանության ներքո։ Կոշտ ուժի կիրառման փոխարեն նրանք կենտրոնացել են լավ կյանքի վրա։ Այդ ժամանակներն անցել են։ Եվրոպացի առաջնորդները պետք է ձգտեն դանդաղեցնել տրանսատլանտյան դաշինքի քայքայումը, բայց նրանք պետք է նաև պատրաստ լինեն այն օրվան, երբ ՆԱՏՕ-ն այլևս գոյություն չի ունենա։
Գրենլանդիայի օրինակը ցույց է տալիս, որ Թրամփը կարող է հետքայլ անել, սակայն նրա աշխարհայացքը սպառնում է ոչնչացնել ամերիկյան դաշինքները և Եվրոպային տանել դեպի վտանգավոր, անկայուն ապագա, որտեղ այն ստիպված կլինի միայնակ պաշտպանվել։


