Բռնցքամարտի պատանեկան ԱԱ․ Հայաստանը նվաճեց 4 ոսկե, 5 արծաթե ու 1 բրոնզե մեդալ
Երևանում ավարտին մոտեցող
բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը
ելույթն ավարտեց տպավորիչ արդյունքով՝ 4 ոսկե, 5 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։
Վերջին մրցումային
օրը եզրափակիչում պայքարեցին 6 հայ բռնցքամարտիկներ, որոնցից երեքը հաղթեցին ու դարձան
աշխարհի պատանեկան չեմպիոն։
Ոսկե մեդալի համար
մենամարտում Տիգրան Հովսեփյանը (50 կգ) հաղթեց բուլղարացի Անգել Յանկով Դիմիտրովին,
Արգիշտի Հակոբյանն (60 կգ) ուժեղ գտնվեց բելառուս Իվան Սինյակից, իսկ Ալբերտ Հարությունյանն
(75 կգ) առավելության հասավ Հնդկաստանի ներկայացուցիչ Սահիլ Սահիլի նկատմամբ։
Հեղինե Պետրոսյանը
(48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ) և Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) պարտություն կրեցին
եզրափակիչում ու արժանացան արծաթե մեդալի։
Դեկտեմբերի 3-ին Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի պատանեկան
չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև Վաղարշակ Քեյանը (48 կգ), իսկ Արեն Խառատյանն (52 կգ)
ու Սամվել Սիրամարգյանն (70 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր։