Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եվրախորհրդարանի պատգամավորի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի։
Հանդիպմանը Նորին Սրբությունն
իր գնահատանքը հայտնեց պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին հայանպաստ դիրքորոշումների, ինչպես
նաև Եվրախորհրդարանին՝ ի պաշտպանություն արցախահայության արդար իրավունքների կատարված
հայտարարությունների և որդեգրված բանաձևերի առնչությամբ։
Իր խոսքում Նորին Սրբությունն
անդրադարձավ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով հայաթափվեց
Արցախը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների
բռնազավթմանը և որդեգրած ագրեսիվ քաղաքականությանը։
Զրույցի ընթացքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների
վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ
ուղղությամբ կարևորելով միջազգային ատյանների գործուն քայլերի ձեռնարկումը։
Եվրախորհրդարանի պատգամավոր
Ժոֆրուա Դիդիեն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Հայաստան իր այցի ընթացքում ի մոտո
ծանոթացել է հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը։ Այս առիթով Եվրախորհրդարանի
պատգամավորը հավաստիացրեց, որ այսուհետ ևս պիտի շարունակի ջանքեր ներդնել ի նպաստ արցախահայերի
իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրների հաղթահարման։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Երուսաղեմի Հայոց
պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության շուրջ ստեղծված իրադարձություններին։
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին խնդրի առնչությամբ
կատարած կոչի համար։