
Հրաժեշտ պանդաներին՝ արցունքն աչքերին․ Ճապոնիան իր վերջին 2 պանդաներին կվերադարձնի Չինաստանին
Կիրակի հազարավոր մարդիկ հավաքվել էին Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ հրաժեշտ տալու երկրի վերջին երկու հսկա պանդաներին, որոնք երեքշաբթի պետք է վերադառնան Չինաստան․ գրում է BBC-ն։
Տոկիոյի Ուենո կենդանաբանական այգում մարդիկ հերթ են կանգնել (ոմանք մինչև 3,5 ժամ)՝ վերջին անգամ տեսնելու պանդայի երկվորյակ ձագերին՝ Սյաո Սյաոյին և Լեյ Լեյին։
Պանդաների վերադարձը տեղի է ունենում Տոկիոյի և Պեկինի միջև լարված հարաբերությունների ֆոնին։ Երկու երկների հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարեց, որ Թայվանի վրա Չինաստանի հարձակման դեպքում Տոկիոն ռազմական միջամտություն կցուցաբերի։
Երկվորյակ ձագուկների վերադարձից հետո Ճապոնիան կմնա առանց պանդաների՝ 1972 թվականից ի վեր առաջին անգամ։
1949 թվականից ի վեր Չինաստանը հսկա պանդաներին օգտագործել է որպես բարի կամքի ժեստ՝ իր դաշնակիցների և մրցակիցների հետ հարաբերություններ կառուցելիս։
Սակայն Չինաստանը պահպանում է օտարերկրյա պետություններին տրամադրած բոլոր պանդաների, այդ թվում՝ արտասահմանում ծնված ձագերի, սեփականության իրավունքը։ Դրա դիմաց՝ ընդունող երկրները տարեկան մոտ 1 միլիոն դոլար են վճարում պանդաների յուրաքանչյուր զույգի համար։
Վերջին տարիներին շատ պանդաներ են վերադարձվել Չինաստանին. վարձակալման պայմանագիրը սովորաբար կնքվում է 10 տարով։
Նշվում է, սակայն, որ Ճապոնիային նոր պանդաներ տրամադրելու հեռանկարն անորոշ է՝ սրվող հարաբերությունների պատճառով։


