
Արցախի հուշարձանների մի մասը ոչնչացվելու է, մի մասն էլ հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական․ «Գեղարդ» վերլուծական
Հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը տասնամյակների պատմություն ունի, այն դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն և ինստիտուցիոնալացված գործելաոճ․ գրել է «Գեղարդ» վերլուծականը։
«2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության մշակութային հայեցակարգ-2040» փաստաթուղթը, որում ներկայացված է առաջիկա 15 տարիների Ադրբեջանի պետական-մշակութային քաղաքականության տեսլականը, նպատակներն ու կատարման մեխանիզմները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Ըստ 39 էջանոց փաստաթղթի՝ Ադրբեջանի մշակութային ու լեզվական քաղաքականությունը պետք է անմիջականորեն բխի այդ հայեցակարգի տրամաբանությունից և կետերից։
Հայեցակարգում Արցախը ներկայացվում է որպես «ազատագրված տարածք», որի «մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի և վերականգնվի»։ Գործողությունների ծրագրում նշված է, որ «Ազատագրված տարածքներում մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված, պետք է կատարվի գործունեության բարելավում, միջազգային հանրության շրջանում մշակութային ժառանգությանը պատճառված վնասի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և պատճառված վնասը փոխհատուցելու միջոցառումների ձեռնարկում»։
Վերջին տարիներին Ադրբեջանը զբաղված է Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմամբ և յուրացմամբ՝ միևնույն ժամանակ հայերին մեղադրելով վանդալիզմի մեջ։ Փորձը ցույց է տալիս, որ պահպանման անվան տակ Արցախի հայկական հուշարձանների մի մասը ոչնչացվելու է «օկուպանտական»-ի անվան տակ, իսկ մյուս մասը հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական։
«Հայեցակարգի առանցքային նպատակներից մեկն է ապահովել Ադրբեջանի մշակութային վերադարձը իր պատմական աշխարհագրություն, վերականգնել Ադրբեջանի ժողովրդի քանդված ու ավերված պատմամշակութային ժառանգությունն ու որպես միավորող գործոն՝ վերականգնել ադրբեջաներենի տարածաշրջանային դերը»։ Ի դեպ, նման ձևակերպումն արտացոլում է Ադրբեջանի հավակնությունները ոչ միայն Հայաստանի, այլև՝ իրեն սահմանակից մյուս պետությունների՝ Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի նկատմամբ։ Ադրբեջանական պաշտոնական խոսույթում այս ձևակերպումները կանոնավոր կրկնվում են Հայաստանի հասցեին՝ անհիմն մեղադրանքների համատեքստում։
Հայեցակարգում ուղիղ չի նշվում «Արևմտյան Ադրբեջան» ծավալապաշտական ու հորինված թեզի մասին, սակայն հաշվի առնելով, որ դա առաջ է տարվում ընդհուպ երկրի նախագահի մակարդակով, այն չէր կարող արտացոլված չլինել փաստաթղթում։ Հայեցակարգի կետերից մեկում նշված է․ «Ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգության վերագրմանը, պաշտպանությանն ու վերականգնմանը վերաբերող միջոցառումների իրականացում պատմական այն աշխարհագրական տարածքում, որտեղ գտնվում է ադրբեջանական ժողովրդի կողմից ստեղծված մշակութային ժառանգությունը»:
Այս կետի իրականացման պատասխանատուններն են Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը, Գիտությունների ազգային ակադեմիան, պետական այլ մարմիններ։
Հրապարակումն ամբողջությամբ՝ վերլուծական կենտրոնի կայքէջում։


