26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔԿ-ն հաստատում է՝ Նարեկ Կարապետյանի՝ ծառայությունից խուսափելու վերաբերյալ վարույթ կա

ՔԿ-ն հաստատում է՝ Նարեկ Կարապետյանի՝ ծառայությունից խուսափելու վերաբերյալ վարույթ կա

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթն ընթացքի մեջ է․ ABC Media-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվում է քրեական վարույթ՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գործող օրենսգրքով՝ 461-րդ և 46-461-րդ հոդվածներ)։

Նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, սակայն պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ։ «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով նա հաշվառվել է պահեստազորում։

Նարեկ Կարապետյանի հնարավոր առողջական խնդիրների հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով քրեական վարույթի շրջանակում նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Կարապետյանը ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է այն հետազոտություններից, որոնք առնչվում էին նախկինում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար պատճառ հանդիսացած առողջական խնդրին։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Միաժամանակ նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթներով պայմանավորված՝ մյուս հարցադրումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռազմագերիներ