
Վահեն. Մարտակերտում անմահացած իմ քարվաճառցի զինվորը
«Ընկեր Թամարա, Ձեր աչքերը փակեք։ Հիմա բացեք»․ քանի որ ասողը Վահեն էր, միանգամից հասկացա՝ մի բան այն չէ։ Զգուշանալով բացեցի աչքերս. Վահեի ձեռքին մի կարմիր վարդ էր։ Այն վարդը, որ, ինչպես ավելի վաղ իմացել էինք մեր թատերախումբն իրենց տանը հյուրընկալող տանտիրուհուց, միակն էր, որ աճել էր իրենց բակում տարիների ընթացքում, և որը նրանք փայփայում էին մեծ սիրով։ Իսկ Վահեն որոշել էր, որ հենց այդ վարդն է ամենահարմարը՝ ընկեր Թամարային նվիրելու համար։
Վահեն Քարվաճառի իմ աշակերտներից ամենաբարձրահասակն էր։ Նաև՝ ամենաչարաճճին և ամենաբարին։
Քարվաճառի «Միջնաբերդ» պատանեկան թատերախմբում Վահեն ամենավառվուն մասնակիցներից էր։ Այցեքարտային դերը ամուսնու դերն էր «Բարեկենդանում»։ Բնական ու ի սրտե էր կռվում «կնոջ»՝ դասընկերուհու հետ։ Նրա համար բարդ չէր. իրական կյանքում էլ անվերջ վիճում, կատակում էր դասընկերուհիների հետ, նրանց «ներվերն ուտում»։
Անվերջ կատակների հետ, միևնույն ժամանակ, չափազանց զգայուն էր, բարի ու հոգատար։
Վահեն ծնվել էր ապրիլի 4-ին, Մարտակերտում։ Վաղ մանկությունից Քարվաճառում էր ապրում։ Վահեի ծննդյան օրը նշվում էր նաև Քարվաճառի ազատագրման օրը։ Ինչպես ինքն էր ասում՝ իր ծննդյան օրը համաքաղաքային տոն էր։
Մեծ երազանքներ ունեցող Վահեն զորակոչվեց 2020-ի հունվարին։ Մի քանի ամիս անց սպասվող արհավիրքից անտեղյակ՝ բանակ ճանապարհեցինք Վահեին ու իր երեք դասընկերներին։ 2020 թվականի հունվարի 28-ը Վահեի համար առաջին լիարժեք տոնն էր։ Նա այդ տարի հայոց այդ ժամանակ դեռ հաղթական, «տարածաշրջանի ամենամարտունակ», համազգային հպարտություն բանակի զինվոր էր։
Վահեն ութ ամիս պատվով կրում էր հայ զինվորի համազգեստը, երբ պայթեց Արցախի երկրորդ պատերազմը։ Պատերազմի օրերին ամենասարսափելին ու ամենասխալը աշակերտների զոհվելու լուրերն էին։ 2020 թվականի պատերազմին զոհվեցին մեր չորս աշակերտները՝ Գագիկը, Գարեգինը, Էդգարն ու Գրիգորը. ամենքը՝ Արցախի մի սահմանը պաշտպանելիս, ամենքը՝ ծառայությունից հետոյի իրենց երազանքներն ու նպատակները սրտի խորքում ամուր պահած, ամենքը՝ դեռ երեկ աշակերտ, ամենքը՝ դեռ մի քիչ երեխա ու ամենքը՝ անպատմելի հասուն…
Վահեն զորացրվեց 2022-ին։ Նրա պաշտելի Քարվաճառը, դպրոցն ու տունը, մանկության բակն էլ մերը չէին։
Զորացրվելուց հետո, թեկուզ և ընտանիքն արդեն ապրում էր Հայաստանի Հանրապետությունում, Վահեն որոշեց, որ ինքը պետք է արնաքամ Արցախին։ Ու վերադարձավ Արցախ։ Զինվորական էր իր հայրենի Մարտակերտում։
«Վահեն էլ չկա…», Արցախի երրորդ՝ 2023 թվականի պատերազմի օրերին ամենասարսափելի ռումբն այս հաղորդագրությունն էր։
Ամենաբարձրահասակ, ամենաուրախ ու ամենանրբազգաց Վահեն անմահացավ իր հայրենի Մարտակերտն Արցախի վերջին գոյամարտում պաշտպանելիս. գոյամարտ, որ տանուլ տվեցինք՝ տանուլ տալով մեր աշակերտների երազանքները։
Իմ Վահեն, Մարտակերտում ծնված, Քարվաճառում մեծացած հայոց բանակի զինվոր Վահեն։
Թամարա Գրիգորյան


