
Անվտա՞նգ է արդյոք 4 կգ-անոց հավը, թե՞ հորմոններ է պարունակում․ ՍԱՏՄ ղեկավարը պատասխանել է ABC Media-ի հարցին
Ամեն ինչ կարող է լինել, չեմ հերքում, բայց մենք ստուգումներ ունեցել ենք թռչնաֆաբրիկաներում․ պատասխանելով ABC Media-ի՝ 4 կիլոգրամանոց հավերի անվտանգության, հնարավոր հորմոններ պարունակելու մասին հարցին՝ ասել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
«Հավի մսի հետ կապված հիմնական խնդիրը շաուրմայանոցներում է եղել։ Մենք եղել ենք այն ֆերմաներում, որտեղ թռչուն են պահում, ընդհանուր հավեր էլ ենք վերցրել ու տարել լաբորատոր քննության։ Մտահոգիչ խնդիր չկա, եթե լինում է՝ միանգամից ասում ենք սալմոնելա կամ լիստերիա կա։ Այսինքն, չի կարող լինել դեպք, երբ տեսչական մարմինը խնդիր հայտնաբերի ու աչք փակի դրա վրա»,-ասել է նա։
Պետրոսյանը կոչ է արել հանգիստ լինել, տեղեկացրել է, որ ներմուծված խմբաքանակը ևս վերահսկվում է։ Նա նաև խոստացել է շուկայում գտնել 4 կգ-անոց հավ և ստուգել, գուցե դա եզակի դեպք է եղել։
Հիշեցնենք, որ 4 կգ-անոց հավի լուսանկարը հրապարակել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ու հարցրել՝ կա՞ արդյոք հավ, որն այդքան մսատու կլինի, թե՞ վաճառվող հավը հորմոններ է պարունակում։


