01 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի համար պետությունը վեր է ածվել քարոզչական հարթակի․ Անանյան

Փաշինյանի համար պետությունը վեր է ածվել քարոզչական հարթակի․ Անանյան

Այս օրերին Հայաստանը տեսնում է երկու տարբեր առաջնորդի կերպար․ Facebook-ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։

«Երկու տարբեր քաղաքական փիլիսոփայություն։ Երկու տարբեր պատասխան՝ նույն ճգնաժամային իրականությանը։

Մեկը՝ երբ երկիրը կանգնած է անվտանգության, պետականության և արժանապատվության լրջագույն փորձությունների առաջ, ընտրում է նախընտրական տաշի-տուշին, բեմը, շոուն ու ինքնաներկայացման աղմուկը։ Պետությունը նրա համար վեր է ածվել քարոզչական հարթակի, իսկ երկրի կառավարումը՝ բեմական ներկայացման։

Սա է այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիմագիծը։ Իշխանությունը՝ որպես սցենար, հանրային կյանքը՝ որպես դեկոր, պատասխանատվությունը՝ որպես անհարմար բեռ։

Մյուսը՝ նույն պահին, նույն իրականության պայմաններում, խոսում է ոչ թե ներքին լսարանին հաճոյանալու լեզվով, այլ միջազգային պատասխանատու հարթակների հետ՝ պետության շահը պաշտպանելու դիրքերից։

Նա դիմում է համաշխարհային գործընկերներին, բարձրացնում է անվտանգության, երկրի և մարդու իրավունքների, տարածաշրջանային կայունության հարցերը, ներկայացնում է Հայաստանը ոչ թե որպես քաղաքական շոուի վայր, այլ որպես պետություն, որն արժանի է լուրջ վերաբերմունքի ու գործընկերային վստահության։

Սա է Արման Թաթոյանի առաջնորդական կերպարը։ Առանց ավելորդ աղմուկի, առանց բեմական ժեստերի, բայց պետական մտածողությամբ ու պատասխանատվության գիտակցումով։

Երկու մոտեցում։ Երկու աշխարհընկալում։ Երկու ապագա՝ Հայաստանի համար։

Մեկը՝ պահի քաղաքականություն և էմոցիայի վրա կառուցված կառավարում, մյուսը՝ սթափ հաշվարկ, արժեհամակարգ և պետական շարունակականության տեսլական։

Մեկը առաջնորդվում է ամբոխի ռիթմով։ Մյուսը՝ պետության շահի տրամաբանությամբ։

Եվ առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է հենց սա։

Ոչ անձերի միջև։

Այլ՝ շոուի և պատասխանատվության, աղմուկի և պետականության, պահի և ապագայի միջև»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ