
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երկու աշխատակցի, ինչպես նաև նրանց կաշառք տված անձին մեղադրանք է առաջադրվել
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց կաշառք են ստացել․ տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշված պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, 2025 թվականի նոյեմբերին նրանից պահանջել է 200․000 ՀՀ դրամ կաշառք՝ մինչև 2,5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումը չարձանագրելու համար:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մյուս պաշտոնատար անձը ևս, տեղյակ լինելով տվյալ վարչական շրջանի հասցեներից մեկում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, հիշյալ հասցեի բնակչի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու և նշված խախտումը չարձանագրելու նպատակով նրանից պահանջել և 2025 թվականի հոկտեմբերին ստացել է կաշառք:
Մեղադրանքներ են ներկայացվել ինչպես երկու պաշտոնատար անձանց, այնպես էլ կաշառք տված անձին։


