05 Փտր
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզու նույնիսկ մոտակայքում․ Թրամփը սպառնացել է դատի տալ «Գրեմմի»-ի հաղորդավարին

Երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզու նույնիսկ մոտակայքում․ Թրամփը սպառնացել է դատի տալ «Գրեմմի»-ի հաղորդավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դատական ​​​​հայց ներկայացնել 2026 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության հաղորդավար Թրևոր Նոայի դեմ այն բանից հետո, երբ հաղորդավարն իր բացման խոսքի ժամանակ անդրադարձել է  Էփշտեյնի հետ Թրամփի կապերին։

Մրցանակաբաշխությանն իր բացման խոսքի ժամանակ Թրևոր Նոան «կատակել» է Թրամփի և սեռական շահագործման ու մանկապղծության համար մեղադրված ու դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կապերի վերաբերյալ։

«Ահա և այն՝ տարվա «Լավագույն երգը»։ Շնորհավորում եմ, Բիլլի Այլիշ։ Սա այն «Գրեմմին» է, որը ցանկանում է յուրաքանչյուր արտիստ, գրեթե նույնքան, որքան Թրամփը՝ Գրենլանդիան։ Ինչը տրամաբանական է, քանի որ Էփշտեյնի կղզին այլևս չկա, և նրան նոր կղզի է պետք Բիլ Քլինթոնի հետ ժամանակ անցկացնելու համար»,- ասել է Նոան «Լավագույն երգ» անվանակարգում մրցանակը հանձնելուց հետո։

Անդրադառնալով Նոայի խոսքերին և մրցանակաբաշխությանը՝ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ««Գրեմմին» ամենավատ մրցանակաբաշխությունն է, որը գործնականում անհնար է դիտել»։

«Նոան իմ մասին սխալ բան է ասել՝ հայտարարելով, որ Դոնալդ Թրամփը և Բիլ Քլինթոնը ժամանակ են անցկացրել Էփշտեյնի կղզում։ Այդպես չէ։ Ես չեմ կարող խոսել Բիլի անունից, բայց ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում, ոչ էլ դրա մոտակայքում, և մինչև այսօրվա կեղծ և զրպարտչական հայտարարությունը երբեք չեմ մեղադրվել այնտեղ գտնվելու համար՝ նույնիսկ կեղծ լրատվամիջոցների կողմից։ Նոան՝ լիակատար անհաջողակ, ավելի լավ է ճշտի իր ունեցած փաստերը և արագ ճշտի դրանք»,- գրել է Թրամփը։

Նա սպառնացել է զրպարտության համար դատական հայց ներկայացնել հաղորդավարի դեմ՝ նրան անվանելով անտաղանդ և հիմար։

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության ժամանակ մի շարք հայտնիներ քննադատել են Թրամփին՝ նրա ներգաղթային քաղաքականության համար։ Նրանց թվում են եղել «Լավագույն ալբոմ» անվանակարգի հաղթող Բեդ Բանին, Օլիվիա Դինը, Քելանին, Գլորիա Էստեֆանը և Բիլլի Այլիշը։

Ռազմագերիներ