
Ստացված դիմում-բողոքների մեծ մասը վերաբերում է դպրոցներում բռնության ու բուլինգի դեպքերին․ ՀՀ կրթության տեսչական մարմին
2025 թվականին ՀՀ կրթության տեսչական մարմին է ստացվել ուսումնական հաստատությունների վերաբերյալ 195 դիմում-բողոք, մեծ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց տեսչության ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
Բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմինների։ Եվս 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ, մի մասը դեռ ընթացքի մեջ է։
Ծնողների մտահոգությունը հիմնականում վերաբերում է դպրոցներում բռնության, բուլինգի դեպքերին ու դրամահավաքին։
«Վերահասցեագրվածների մի մասն ուղարկվել է համապատասխան ուժային կառույցներին, քանի որ դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների և դրամահավաքների դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորություններից»,-ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ են ավելացել դեպքերը, Մատիկյանը պատասխանեց՝ մարդկանց իրազեկվածությունն է բարձրացել։


