
Ուրմիա լճի վերականգնմանն ուղղված ջանքերն արդյունք չեն տվել․ Իրանի փոխնախագահ
Մենք պետք է վերականգնենք Ուրմիա լիճը ցանկացած գնով․ ինչպես գրում են իրանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
«Վերջին 20 տարվա ընթացքում մենք իրականացրել ենք Ուրմիա լճի վերականգնման միասնական ծրագիր։ Այս հարցում մենք նաև օգնություն ենք ստացել բարեկամ երկրներից։ Ու չնայած մեր ջանքերին՝ մենք չենք կարողացել զգալի առաջընթացի հասնել»,- նշել է առաջին փոխնախագահը։
Նա հավելել է, որ լճի չորացման հետևանքով առաջացած ավազամրրիկները վնասում են բնակչության առողջությունն ու շրջակա միջավայրը։
«Վերջին 10 տարվա ընթացքում իրականացված նախագծերի արդյունքները գնահատելիս ջրի մակարդակի էական բարձրացում չի գրանցվել»,- ընդգծել է Արեֆը։


