
Կոտրել են խաչքարն ու պոկել սրբապատկերները․ ադրբեջանցիներն այժմ էլ Վաղուհասի եկեղեցին են պղծել
Ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին․ գրել է «Գեղարդ» վերլուծական կենտրոնը։
«Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։
Ցավալի է, որ «քրիստոնեական արժեքների պահպանմամբ» շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք, կարծես թե չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցի կարևորությունը:
Տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ իբրև «բազմամշակութային» և «հանդուրժող» պետություն: Միջազգային հանրության համար կերտված այս «իմիջ»-ը միջոց է քողարկելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, որի դրսևորումներից է այդ պետության տարածքում հայտնված մշակութային կոթողների ոչնչացումը կամ յուրացումը:
Նշենք, եկեղեցին օծվել էր 2012 թվականի փետրվարի 19-ին՝ Վաղուհասի ազատագրման 19-րդ տարեդարձի օրը»,- ասված է կենտրոնի հաղորդագրությունում:


