
Տարածաշրջանային տերություններն աշխատում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բարձր մակարդակի բանակցություններ կազմակերպել՝ պատերազմը կանխելու հույսով․ The Washington Post
Միացյալ Նահանգներն ու Իրանը պատրաստվում են բարձր մակարդակի հանդիպման մի քանի տարածաշրջանային պետությունների ներկայացուցիչների հետ․ գրում է The Washington Post-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի, Կատարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Օմանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները։ Հրապարակման համաձայն՝ հանդիպմանը կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Տարածաշրջանի երկրների արտգործնախարարների մասնակցությունը կարող է օգնել հարթել ԱՄՆ-ի և Իրանի դեսպանների միջև ուղիղ բանակցությունների ուղին։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը նշել է, որ Ստամբուլի հանդիպման հաստատումից առաջ «դեռ շատ աշխատանք» կա անելու։ Աղբյուրները նշում են, որ Իրանի միջուկային ծրագիրը կլինի բանակցությունների հիմնական թեման։ Միջուկային դոսյեի քննարկումից հետո կողմերը մտադիր են անցնել Վաշինգտոնի առաջարկած ոչ միջուկային հարցերի համար «արտակարգ լուծումներ» գտնելուն։ Հնարավոր օրակարգի և ապագա համաձայնագրերի ձևաչափի մանրամասները դեռևս չեն բացահայտվել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, իր հերթին, X սոցիալական ցանցի էջում գրել է, որ Միացյալ Նահանգների հետ հնարավոր բանակցությունները կանցկացվեն բացառապես ազգային շահերի շրջանակում։ Նա նշել է, որ տարածաշրջանի բարեկամ երկրների կոչերին ի պատասխան, որոնք պահանջում էին արձագանքել ԱՄՆ նախագահի բանակցությունների առաջարկին, ինքը համապատասխան հրահանգներ է տվել արտգործնախարարին։
«Ես հանձնարարել եմ արտգործնախարարին հող նախապատրաստել արդար բանակցությունների համար մեր ազգային շահերի շրջանակում՝ հիմնված արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների վրա՝ միայն ճիշտ միջավայրում՝ առանց սպառնալիքների կամ անտրամաբանական սպասումների»,- հայտարարել է Փեզեշքիանը։


