
Ադրբեջանից մինչև Սոմալի. Թուրքիան ավելի շատ F-16-ներ է տեղակայում արտասահմանում․ Forbes
Հունվարի վերջին Թուրքիան Սոմալիում է տեղակայել իր ամերիկյան արտադրության Lockheed Martin F-16 Viper կործանիչներից առնվազն երեքը: Այս քայլը վերջինն է Թուրքիայի կողմից դաշնակից երկրներում իր ռազմաօդային ուժերի չորրորդ սերնդի ռազմական ինքնաթիռների արտասահմանյան տեղակայումների երկար շարքում, որոնցից մի քանիսը գտնվում էին ակտիվ հակամարտության գոտիներում կամ դրանց մոտակայքում․ գրել է Forbes-ը։
Middle East Eye լրատվական գործակալության կողմից վերլուծված արբանյակային պատկերները ենթադրում են, որ Թուրքիան Մոգադիշոյի միջազգային օդանավակայանում կառուցել է նոր անգարներ այս կործանիչների համար: Թուրքական բեռնատար ինքնաթիռները մի քանի թռիչք են կատարել դեպի օդանավակայան ինքնաթիռների ժամանմանը նախորդող 10 օրվա ընթացքում: Սոմալիում արդեն իսկ տեղակայված է Թուրքիայի ամենամեծ ռազմական բազան։ Մոգադիշոյում գտնվող իր ռազմական բազայից բացի՝ Թուրքիան նախատեսում է նավթային հարթակ տեղակայել ափամերձ տարածքներում հորատման և նույնիսկ տիեզերանավի կառուցման համար:
Forbes-ը հիշեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերին թուրքական 6 F-16 կործանիչներ Բաքվի շքերթին են մասնակցել։
«Իհարկե, Ադրբեջանը շատ ավելի մոտ է Թուրքիային, քան Սոմալին, ինչը տեսականորեն ավելի հեշտ է դարձնում այնտեղ F-16-ների ցանկացած տեղակայման լոգիստիկ պահպանումը, քան Մոգադիշոյում», – գրել է կայքը։
Forbes-ը հիշեցրել է, որ 2020-ին Ադրբեջանն անակնկալ հարձակում է սկսել Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար: Նախորդ տարվա հուլիսին Թուրքիան F-16-ներ էր տեղակայել Հարավային Կովկասում՝ համատեղ վարժանքների համար: Այդ վարժանքների ավարտից հետո արբանյակային պատկերները ցույց են տվել, որ առնվազն երկուսը մնացել էին Ադրբեջանի Գյանջայի միջազգային օդանավակայանում մինչև պատերազմի սկսվելը, ինչը մեկնաբանվել է որպես Հայաստանի դեմ զսպող գործոն: Երևանը նույնիսկ պնդում էր, որ թուրքական F-16-ը խոցել է իր խորհրդային արտադրության ենթաձայնային Su-25 Frogfoot գրոհային ինքնաթիռներից մեկը Հայաստանի օդային տարածքում։
Չնայած քիչ քանակութամբ՝ կործանիչներն, անկասկած, կարող էին էական զսպող դեր խաղալ։ Ի վերջո, Երևանն ուներ միայն չորս Su-30SM Flanker կործանիչ, որը ձեռք էր բերել Ռուսաստանից պատերազմից մեկ տարի առաջ, բայց դրանցից ոչ մեկը չի օգտագործել դրա ընթացքում։


