
Փախուստ՝ գիշերը․ Էփշտեյնի գործով վերջին բացահայտումներից հետո Մեծ Բրիտանիայի նախկին արքայազնը լքել է Վինձորի իր շքեղ առանձնատունը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, տեղափոխվել է իր շքեղ առանձնատնից հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի մասին նոր բացահայտումներից հետո․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թագավորական աղբյուրին։
The Sun-ը գրում է, որ 65-ամյա նախկին արքայազնը հույս ուներ ավելի երկար մնալ «Ռոյալ Լոջ»-ում՝ Վինձորի իր տասնամյակների տանը, սակայն երկուշաբթի գիշերը նրան գաղտնի տեղափոխել են Սանդրինգհեմ՝ թագավորի Նորֆոլկի կալվածքի մի տնակ։
«Էփշթեյնի ֆայլերի վերջին խմբաքանակից նրան պարզ դարձավ, որ ժամանակն է հեռանալ։ Հեռանալը նրա համար այնքան նվաստացուցիչ էր, որ նա որոշեց դա անել գիշերը»,- գրում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ թագավոր Չարլզը Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին զրկել էր բոլոր տիտղոսներից 2025 թվականի հոկտեմբերին, իսկ Էփշթեյնի հետ նրա շարունակական հարաբերությունների մանրամասների հրապարակումից հետո հայտարարել էր, որ նա կտեղափոխվի իր շքեղ առանձնատնից։
ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած նոր փաստաթղթերում ներառված են էլեկտրոնային նամակներ, որոնցում ասվում է, որ Էնդրյուն կանոնավոր կապ է պահպանել Էփշտեյնի հետ ավելի քան 2 տարի՝ այն բանից հետո, երբ Էփշտեյնը մեղավոր ճանաչվեց երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար։


