22 Փտր
2026
0° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ պետք է անեն ԶԼՄ-ները, եթե հայհոյանք է հնչում ուղիղ եթերում

Ի՞նչ պետք է անեն ԶԼՄ-ները, եթե հայհոյանք է հնչում ուղիղ եթերում

Ուղիղ եթերի ժամանակ շատ դժվար է վերահսկողության տակ պահել հյուրի խոսքի բովանդակությունը, և այդ պարագայում լրագրողները պետք է պատրաստված լինեն․ ի պատասխան ABC Media-ի հարցին՝ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նշենք, որ ԱԺ կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի օրենքում» փոփոխություններ անելու՝ ՀՌՀ նախագծին, ըստ որի՝  արգելվելու է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը։

ABC Media-ն փորձել էր պարզել, թե ի՞նչ իմաստ ունի նման փոփոխություն անել, եթե նշված արարքներն արդեն քրեորեն պատժելի են, և եթե ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ հյուրը հայտարարություն է անում, որի բովանդակությունն արգելված է այս օրենքով, մեդիա՞ն է արդյոք պատասխանատուն այդ դեպքում:

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ մեր օրենսդրությունն ու նորմատիվ ակտերը պահանջում են, որ նման դեպքում վարողը կանգնեցնի եթերը, նկատողություն անի, իսկ եթե հյուրը չլսի ու շարունակի նույն բովանդակությունը, ապա հաղորդումը պետք է դրանով ավարտվի։

«Եթե դրա հնարավորությունը չկա, ապա կարճ ժամկետներում նույն հեռուստահաղորդման ծրագրի եթերում վարողը, հեռուստաընկերությունը պետք է ներողություն խնդրեն, բացատրեն, որ դա ուղիղ եթերում է եղել, ու հավաստիացնեն, որ նման բան այլևս չի լինի։ Մենք դրա հնարավորությունը տալիս ենք։ Եթե շարունակական բնույթ է կրում ու դառնում է տվյալ խմբագրության խմբագրական-քաղաքական բաղադրիչը, ինքն ինչ-որ քաղաքական դեր է կատարում, ապա այդ ժամանակ նրանք պրոբլեմ են ունենում։ Նույնը վերաբերում է օտար ծրագրերին։ Հավատացնում եմ՝ որևէ միտում չկա սահմանափակումների։ Մեր կարևորագույն միսիան համարում ենք առաջին հերթին բավարարել հեռուստաընկերությունների պահանջմունքը, և ցանկացած երկիմաստություն օրենքի մեջ մենք միշտ փորձում ենք մեկնաբանել հօգուտ հեռուստաընկերությունների»,- նշել է նա։

Անդրադառնալով մեր մյուս հարցին, թե արդյոք այս օրենքով իշխանությունը հնարավորություն չի՞ ստանում սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը՝ Հակոբյանը շեշտեց՝ մեդիաների գործունեության սահմանափակում չի լինելու։

Օրենքը վերաբերում է նաև արտասահմանյան մեդիաներին, որոնց եթերներում կհնչեն Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող մտքեր։ Թե ինչպե՞ս է հանձնաժողովը որոշելու՝ արտասահմանյան մեդիաներում հնչածը գնահատական է, թե ներքին կյանքի միջամտություն՝ հստակ չէ։

«Ճիշտ եք նկատում՝ այստեղ խնդիր ունենք, բարդ է այն լուծել, կաշխատենք այդ ուղղությամբ, եթե մեխանիզմներ չգտնենք, նախագծից այդ կետը կհանենք»,- ասել է ՀՌՀ ղեկավարը։

 

Ռազմագերիներ