
Քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանը ձերբակալվեց․ ՔԿ
Ոստիկանական բաժանմունքում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը ձերբակալվել է․ ABC Media-ին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ ոստիկանության բաժնում բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է սկսվել։
«Առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով): Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանը ոստիկանության Երևանի վարչությունում ծեծով, հայհոյանքներով ցուցմունք կորզում։
ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ ծառայողական քննություն են սկսել։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։


