
Հայաստանի ներկայիս իշխանությունը միայն օգնում է Ադրբեջանին մաքրվել հանցանքներից․ «Միասնության թևեր»
Հայ գերիների ու պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ «դատավճիռները» վերաբերում են ոչ միայն գերեվարված անձնանց կյանքին ու արժանապատվությանն, այլև հայ ժողովրդի արժանապատվությանն ու Հայաստանի ապագային․ նշված է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հայտարարության մեջ։
Շարժման գնահատմամբ՝ տեղի ունեցածը նշանակում է, որ ապագայում հայ ցանկացած գործչի, ցանկացած քաղաքացու կարող են ազատազրկել կեղծ դատավարության միջոցով։
«Այս «դատավարություններով» Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է որպես «ագրեսոր պետություն», հայերին՝ «թշնամանք տարածող ժողովուրդ, որը խաղաղ ապրել չգիտի», հայը ներկայացվում է որպես «ահաբեկիչ ու ցեղասպան»։
Պատասխանատու և հայրենասեր կառավարությունն ամեն ինչ կաներ, որ այս ողջ «դատական ֆարսը», իսկ իրականում՝ հակահայկական գործողությունները, տեղի չունենային։ Ամբողջ աշխարհին մանրամասն ցույց կտար, որ դրանք շինծու են, ապացուցում են, որ Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություններ և այդ շինծու դատավարություններով նպատակ է հետապնդում ստեղծել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու ճնշման նոր հիմքեր։ Զուգահեռ, միջազգային օրակարգի և խաղաղության օրակարգի մաս կդարձներ ադրբեջանական օկուպացիայից Հայաստանն ազատելու, արցախահայության վերադարձի իրավունքի հարցերը։ Խաղաղությունը չի կարող անջատ լինել արդարությունից։ Չի կարող հռչակվել «խաղաղություն», իսկ Բաքվում հայ գերիները ցմահ ազատազրկման ենթարկվեն։
Դա պետք էր անել հայաստանյան ու միջազգային հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, միջազգային միջկառավարական կառույցների հետ համագործակցությամբ, հնարավորինս շատ պետություններ կներգրավեի, ակտիվորեն կօգտագործեի կրոնական մարդու իրավունքների ու ցանկացած այլ հարթակ։ Ամեն ինչ պետք է արվեր, որ կատարման հասցվեին Հայաստանի օգտին կայացված միջազգային դատական ակտերը, և պատասխանատվության ենթարկվեին այն անձինք, որոնք իրական հանցանք են գործել մեր հայրենակիցների նկատմամբ։
Պետք էր ամեն ինչ անել թույլ չտալու համար ադրբեջանական իշխանությանը մաքրվել Հայաստանի ու Արցախի նկատմամբ պատերազմական հանցանքներից, էթնիկ զտումների մեղքից։ Առավել ևս, երբ Ադրբեջանը ոչ միայն չի զղջացել իր արարքների համար, այլ նոր զավթողական ծրագրեր է առաջ քաշել մեր պետության դեմ։
Հայաստանի ներկայիս իշխանությունը միայն օգնում է Ադրբեջանին մաքրվել հանցանքներից, «սպիտակ» ներկայանալ աշխարհին, բայց իրականում Ադրբեջանը շարունակում է թշնամանքն ու զինվելը։
Հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել ձևական, այն ենթադրում է իրական քայլեր, իսկ մենք ունենք լծակներ՝ իրական քայլերի հասնելու համար։ Այդ ճանապարհին առաջին քայլը մեր գերիների ու պատանդների ազատ արձակումն է, հետագայում գերության ու նման շինծու դատավարությունների բացառումը», – ասված է հայտարարության մեջ:


