
«Կոմիտաս պարկի» բնակիչներն ակցիա են անում
«Կոմիտաս պարկի» բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել, դժգոհ են կառուցապատողից։ Ըստ բնակիչների՝ շենքում պայմանները չեն համապատասխանում պայմանագրում նշված պայմաններին։ Դժգոհ են հատկապես բնական գազի բացակայությունից։ «Գյուղերում գազ կա, իսկ Երևանի կենտրոնում՝ չկա»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկն ու զգուշացրել՝ փողոց կփակեն, եթե խնդիրը չկարգավորվի։
«Ի՞նչ է ասում «Գազպրոմը», ասում է՝ մեր տեխնիկական պայմաններին չեն համապատասխանում կառուցապատողի խողովակաշարերը, կառուցապատող էլ ասում է՝ սա նորմայի սահմաններում է, մենք իրենց հետ լեզու կգտնենք։ Մեզ թողել են անորոշության մեջ, բնակիչներից շատերը բնակարանները պետական ծրագրով են ձեռք բերել, այսինքն՝ հույսով, որ պետական միջամտություն է լինելու, վերահսկողություն է լինելու և պատշաճ ժամանակին հանձնվելու է, դա էլ խաթարվեց։ Այստեղ ամենակարևոր հարցն այն է, որ կառուցապատողը ոչ մի ձև չի հանդիպում բնակիչների հետ։ Առանձին-առանձին ինչ-որ հարցեր են փորձում լուծել, բայց չենք տեսնում արդյունքը։ Այսինքն՝ քայլեր ենք ձեռնարկում, գնում ենք, հավաքում ենք բնակիչներով։ Ընկերությունը սնանկության չի գնում, ոնց որ մյուս դեպքերում է լինում, այստեղ ուղղակի մենք ունենք կենցաղային դժվարություն՝ գազի հետ կապված ու պետական ոչ մի գերատեսչություն կամ մարմին չի արձագանքում մեզ, արձագանքում են միայն լղոզված պատասխաններով»,- լրագրողների հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը։


