
Ղանթարի շուկա կամ Չարսու բազար. Երևանի մոռացված շուկայի պատմությունը (լուսանկարներ)
Հին Երևանի ամենանշանավոր և մարդաշատ վայրերից էր Ղանթարի շուկան, որն անվանում էին նաև Չարսու բազար: Այն գտնվում էր Անգլիական այգու տարածքում՝ Լուսավորիչ, Զաքյան, Խորենացի և Բեյրութի փողոցների միջև: Շուկան շատ մոտ էր ներկայիս Կապույտ մզկիթին և Սուրբ Սարգիս եկեղեցուն: Ղանթարը պարսկերեն բառ է, որ նշանակում է շուկայի մեծ կշեռք: Հենց շուկայում էր գտնվում Երևանի ամենամեծ կշեռքը, որը պատկանում էր Երևանի վարչությանը: Ղանթարի շուկայի մասին տարբեր հուշեր կան, որոնք թվագրվում են 18-րդ և 19-րդ դարերի: Քիչ չեն նաև տարբեր հայ հայտնիների հուշերը շուկայի մասին: Մասնավորապես, շուկայի մասին հետաքրքիր հուշ ունի նաև հայ մեծանուն գրող Վահան Թոթովենցը: Նա իր հուշում ներկայացնում է շուկան, շուկայի կոլորիտն ու առևտրականներին. «Ղանթարը՝ Երևանի շուկայի կենտրոնը, շատ է փոխվել վերջին մի քանի տարիների ընթացքում, բայց նա չի կորցրել ինքնուրույն արևելյան կոլորիտը։ Կրպակները շատացել են, մանավանդ տեղական և հարևան երկրների ապրանքները։ Երբ շուկայի վերևի տրոտուարից դիտում ես Ղանթարի հրապարակը՝ ձմեռվա սպիտակասփյուռ ֆոնի վրա, առանձին գրավչություն են ստանում խնձորների բոցավառ կարմիրը, չորացած ծիրանների ոսկին՝ նման մեր վերջալույսի արևներին։ Ահա մի պարսիկ, փոքրիկ հուրակի վրա մի քանի տժվժիկ է այրում, կողքին մի կողովի մեջ իր կապիտալն է դարսել արևելյան կշեռքը։ Իր կողքին մի կշեռք, որ անգործությունից, անբովանդակությունից հորանջում է։ Պարսիկն այնքան է կռացել կրակի վրա, որ մեջքը կորցրել է իր սկզբնական ձևը, ուղղվելուց հետո դժվար թե նա կարողանա ուղիղ գիծ կազմել։…. Շուկայի ամայի մասում, բայց կենտրոնում, կանգնած է մի ծերունի, որ եկել է Ալագյազի ստորոտից, ոչխար է բերել ծախելու, արհամարհում է ցուրտը, որովհետև թաղիքե գդակ ունի գլխին․․․։ Ղանթարը կարծես երանգապնակ է, այնքան գույներ կան, չոր մրգերի խայտաբղետ մի պանորամա, որ ձյան սպիտակով եզերված՝ դառնում են ավելի խոր, ավելի բոցավառ և հրապուրիչ»։ (Վահան Թոթովենց, Երկեր, գիրք 3, Երևան, 1991, էջ 358):
Թոթովենցն իր հուշում ներկայացնում է Ղանթարի շուկայի 1928 թվականի պատկերը: Այդ շրջանում շուկան այլևս չուներ այն ակտիվությունը, ինչ նախկինում էր: Հետագայում Ղանթարի շուկայի տեղում հիմնվեց այգի, որն Անգլիական այգու շարունակությունը դարձավ: 1930-ականներից սկսած Երևան քաղաքի զարգացման հետ մեկտեղ Ղանթարի շուկայի տարածքում հետագայում կառուցվեցին փողոցներ և այլ շինություններ: Սակայն պատմական մի քանի իրողությունները փաստում են ժամանակին Երևանի ամենամարդաշատ և հետաքրքիր վայրերից մեկի՝ Ղանթարի շուկայի գոյության մասին:















