10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ փոխնախագահ Վենսը մեկնում է Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության և առևտրի խթանման համար․ Reuters

ԱՄՆ փոխնախագահ Վենսը մեկնում է Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության և առևտրի խթանման համար․ Reuters

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելում է Հայաստան և Ադրբեջան՝ Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրն առաջ մղելու համար, որը կարող է վերափոխել Հարավային Կովկասի ռազմավարական տարածաշրջանի էներգետիկ և առևտրային ուղիները․ գրում է Reuters-ը։

Նրա երկօրյա այցը Հայաստան, որը սկսվում է երկուշաբթի, տեղի է ունենում ընդամենը վեց ամիս անց այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Սպիտակ տանը ստորագրեցին համաձայնագիր, որը համարվում է գրեթե 40 տարի տևած պատերազմից հետո խաղաղության հասնելու առաջին քայլը։

Վենսը, որ Հայաստան այցելած ԱՄՆ առաջին փոխնախագահն է, ձգտում է առաջ մղել «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագիծը, որը 43 կիլոմետրանոց միջանցք է և կանցնի Հայաստանի հարավով և Ադրբեջանին կտա ուղիղ ճանապարհ դեպի Նախիջևանի էքսկլավ, իսկ հետո՝ դեպի Բաքվի մտերիմ դաշնակից Թուրքիա։

«Վենսի այցը պետք է վերահաստատի ԱՄՆ-ի հանձնառությունը՝ իրականացնելու «Թրամփի երթուղին», – ընդգծել է «Ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի գծով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան։

Նրա խոսքով՝ Կովկասի նման տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից նույնիսկ փոքր ուշադրությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ։

Երկուշաբթի Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Վենսը բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո երկուսն էլ հայտարարություններ կանեն՝ առանց մանրամասնելու։

Սպիտակ տունը հայտնել է, որ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Վենսը կայցելի Ադրբեջան։

Գործակալությունն ընդգծել է, որ Ռուսաստանն ավանդաբար Հարավային Կովկասը համարել է իր ազդեցության ոլորտի մի մասը, բայց նկատել է, որ այնտեղ իր ազդեցությունը նվազում է։ ԱՄՆ-ի համար կարևորագույն հանքանյութերի մատակարարման հասանելիության ապահովումը նույնպես, հավանաբար, կլինի Վենսի այցի հիմնական ուշադրության կենտրոնում։ TRIPP-ը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի հսկայական հանքային հարստության, այդ թվում՝ ուրանի, պղնձի, ոսկու և հազվագյուտ մետաղների՝ արևմտյան շուկաներ տեղափոխման հիմնական տարանցիկ միջանցք։

Վերջին ամիսներին երկու հարևաններն առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործում, այդ թվում՝ որոշ էներգակիրների մատակարարումների վերսկսման հարցում։

Սակայն լիակատար և երկարատև խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը մնում է այդ թվում Ադրբեջանի պահանջը, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։

 

Ռազմագերիներ