
Պարզեք, թե ինչու ԱՄՆ դեսպանատան գեթ մի աշխատակից չի կարողացել ներկա գտնվել Բաքվի այդ «դատավարություններին»․ Թանդիլյանի ուղերձը Վենսին
Միացյալ Նահանգները՝ որպես իրական խաղաղարար պետություն, պետք է կարողանա այս հարցին տալ վերջնական լուծում, եթե իսկապես ցանկանում է իրական խաղաղություն։ Իսկ վերջնական լուծումը մեկն է՝ բոլոր հայ պատանդների վերադարձը տուն․ այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ կոչ հղելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։
«Չի կարող լինել իրական խաղաղություն, երբ թեկուզ մեկ հայ գտնվում է Բաքվի բանտում։ Սա է այն ուղերձը, որով մենք ցանկանում ենք, որ Դուք գնաք Բաքու։ Եթե Դուք կասկածում եք, որ նրանք պատանդներ են, փորձեք այցելել այդ «դատական նիստերին»։ Դուք կտեսնեք, որ մուտք չունեք այնտեղ։ Պարզեք, թե ինչու ԱՄՆ դեսպանատան գեթ մեկ աշխատակից չի կարողացել ներկա գտնվել այդ «դատավարություններին»։ Այդ ժամանակ կհասկանաք, թե ինչպիսի խաբկանք է սփռում Ադրբեջանը»,- ասաց Թանդիլյանը։
Հայ ժողովուրդը միայն մի բան է ուզում՝ իրական խաղաղություն։
Իսկ այդ խաղաղությունն առանց հայ պատանդների վերադարձի, ըստ նրա, պարզապես անհնար է։
«Եթե Ձեզ թվում է, թե այստեղ գտնվող ոստիկանները եկել են Ձեր անվտանգությունը պաշտպանելու, ապա ոչ։ Սա փորձ է՝ թույլ չտալ, որ այս խոսքը հասնի Ձեզ։ Բայց ես գիտեմ, որ Դուք արդեն ստացել եք հազարավոր նամակներ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից։ Ստացել եք նամակներ Հայաստանում գործող կառույցներից, կազմակերպություններից, քաղաքացիներից։ Դուք տեսել եք հավաքներ, ցույցեր, քայլերթեր՝ այսօր, հենց Ձեր այցի ֆոնին։ Այստեղ և այլուր Դուք տեսնելու եք բազմաթիվ հայերի, որոնք չեն հաշտվում այն իրականության հետ, որ հայորդիները պատանդ են Բաքվի բանտում»,-ասաց նա՝ հավելելով․ «Եվ երբ Դուք գնաք Բաքու, իմացեք՝ մենք Ձեզնից սպասում ենք ոչ թե հայտարարություններ, այլ գործողություն։ Սպասում ենք նախագահ Թրամփի խոստման իրականացում։ Սպասում ենք 19 հայ պատանդի վերադարձը Հայաստան։ 23-ից 4-ը վերադարձել են։ Բայց մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան, բոլորս ենք գերի։ Չկա խաղաղություն։ Չկա ազատ մարդ։ Չկա ազատ խոսք։ Մենք սպասում ենք և հույս ունենք, որ Դուք կլսեք ժողովրդին, ոչ թե միայն պաշտոնական զեկույցները։ Մենք վստահ ենք, որ Դուք գիտեք իրականությունը։ Մենք միայն ակնկալում ենք, որ Դուք կգործեք իրականությանը համարժեք»։
«Մենք սպասում ենք լուրերի, պարոն փոխնախագահ՝ վստահ լինելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրական խաղաղության ջատագովն է»,- եզրափակեց Մանե Թանդիլյանը։


