
Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, պատրաստ ենք համագործակցել այլ ուժերի հետ․ Իշխան Սաղաթելյան
Ուզում եմ բոլորի համար հստակ լինի՝ Ռոբերտ Քոչարյանը Հայ հեղափոխական դաշնակցության առաջնորդը չէ, ո՛չ ինքն է այդ մասին ասել, ո՛չ էլ մենք ենք ասել․ այսօր լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ասել ենք, որ արժևորելով «Հայաստան» խմբակցության գործունեությունը՝ նպատակ ունենք պահպանելու, և այդ ուղղությամբ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում։ Այս պահին որևէ խնդիր, դժվարություն չկա, ըստ ժամանակի՝ այդ մասին մենք կհայտարարենք»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ ընտրություններին առանձին մասնակցելու դեպքում իրենք խնդիր չունեն շեմը հաղթահարելու․ «Մենք այն ուժերի թվին չենք պատկանում, որոնք չեն կարող շեմը հաղթահարել, բայց մենք ունենք ոչ թե խորհրդարան անցնելու 4, 5, 6 կամ նույնիսկ 10 պատգամավոր ունենալու խնդիր, այլ մենք խնդիր ունենք ընդդիմադիր դաշտում ստեղծելու խոշոր բլոկներ, որոնք իրենց ուժերը կմեկտեղեն՝ ավելի լավ արդյունք գրանցելու համար, որ կարողանանք այս չարիքի իշխանությունից ազատվել։ Այս նպատակից ելնելով, այո՛, մենք մեր օրինակով ցույց ենք տվել և գտնում ենք, որ քաղաքական դաշտի մյուս ուժերը ևս պետք է գնան խոշոր բլոկներ ստեղծելու, միավորելու ճանապարհով, որովհետև ակնհայտ է, որ կան ընդդիմադիր բավականին լավ ուժեր, բայց ակնհայտ է, որ իրենք շեմը հաղթահարելու դժվարություն ունեն։ Հիմա ի՞նչ կարիք կա գնալ, այդ քվեները փոշիացնել»։
Նրա խոսքով՝ եթե որևէ ընդդիմադիր ուժ գնա ընտրության, հավաքի 49%, ունենա ամենաշատ ընդդիմադիր պատգամավորները, բայց ընդհանուր ընդդիմությունը չհաջողի, այսինքն՝ այս իշխանությունը շարունակի մնալ, դա իրենք կգնահատեն խոր ձախողում։
«Հետևաբար, ճիշտ ենք համարում, հաշվի առնելով երկրի առջև կանգնած մարտահրավերները, իրոք միավորել ուժերը և հասնել հաջողության։ Մեր մոտեցումն այստեղ եղել է շատ հստակ՝ եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել, և այդ ակնկալիքն ունենք նաև մյուսներից»,- ասաց նա։


