
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները մտել են փոփոխվող իրականությանը հարմարվելու նոր փուլ․Կոպիրկին
Ռուսական կողմը հետաքրքրված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված ընդունելության ժամանակ։
«Ռուսաստանը լիովին հետաքրքրված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Ես համոզված եմ, որ երկրի լիարժեք մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին արդյունավետորեն նպաստում է դրան։ Օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ»,- նշել է Կոպիրկինը։
Նա հավելել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը զգում է աշխարհաքաղաքական անկայունության ազդեցությունը։ «Այս դժվարին պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները մտել են փոփոխվող իրականությանը հարմարվելու նոր փուլ։ Մեր տեսած մարտահրավերների հաղթահարումը պահանջում է երկու կողմերից էլ երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն՝ երկկողմ համագործակցության կուտակված հարստությունը պահպանելու և ընդլայնելու համար»,- ընդգծել է դեսպանը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցը լրացուցիչ խթան է հաղորդել այս շարժմանը։ «Անցյալ տարվա արդյունքները հաստատեցին, որ արտաքին ցնցումներից անկախ, Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրային, տնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ և պարենային անվտանգության ժամանակի փորձություն անցած երաշխավորը»,- ընդգծել է դիվանագետը։


