11 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պապիկյանը պարզաբանել է, թե ով է ընդգրկվում պայմանագրային ծառայության նոր փոփոխություններում

Պապիկյանը պարզաբանել է, թե ով է ընդգրկվում պայմանագրային ծառայության նոր փոփոխություններում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի հերթական նիստի ընթացքում հայտարարել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են միայն ուսումնական զորամասերում անցկացվող ավարտական քննություններին և չորս կամ հինգ տարվա ծրագրեր ավարտած երիտասարդ սպաներին։ Նախարարը ընդգծել է, որ կիսամյակային քննությունները այս փոփոխության շրջանակում չեն ներառվում։

Նախարարը, պատասխանելով ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցերին, թե ինչու «Պաշտպան հայրենաց» ծրագրի մասնակիցների ավարտական գնահատականները կարող են համարվել ատեստավորված, մինչդեռ մյուս պայմանագրայինները, որոնք նույնպես անցնում են քննություններ, չեն ստանում նույն հնարավորությունը, ասել է, որ նախագծի ընթացակարգի նպատակն է համահավասարեցնել ուսումնական զորամասերի կրթական ծրագրերն ու ատեստավորման պահանջվող գիտելիքները՝ ապահովելով արդար և հստակ համակարգ։

«Այս փուլում հաջողվել է համահավասարեցնել ուսումնական զորամասերի կրթական ծրագրերը և ատեստացիայի պահանջվող գիտելիքները, իսկ հետագայում հնարավոր են նոր մոտիվացիոն համակարգեր նաև մյուս պայմանագրայինների համար»,- ասել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ փոփոխությունները վերաբերում են այն կոնտինգենտին, որը բանակի շարքերը համալրել է վերջին երեք տարիների ընթացքում, և ներկայիս մոտեցումը նախատեսում է հավասարացում ավարտական քննությունների բովանդակության և պահանջվող գիտելիքների մակարդակում։ Պապիկյանի խոսքով՝ հետագայում հնարավոր կլինի ընդլայնել մոտիվացիոն համակարգը և ներառել նաև այլ պայմանագրային զինծառայողների համար, օրինակ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայողների համար։

Ռազմագերիներ