11 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ԶՈւ-ում նախատեսվում է 24-25 տարեկան զինծառայողների նոր ատեստավորում ու հավելավճար 

ՀՀ ԶՈւ-ում նախատեսվում է 24-25 տարեկան զինծառայողների նոր ատեստավորում ու հավելավճար 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է պայմանագրային զինծառայողների ատեստավորման և հավելավճարների կարգավորմանը։ Նախարարը նշել է, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները համարվելու են ատեստավորված` ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, եթե նշանակված են ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխան պաշտոնի։ Այն զինծառայողները, որոնք ավարտել են Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունները և նշանակված են համապատասխան սպայական պաշտոնների, ատեստավորված կհամարվեն ավարտական քննությունների արդյունքներով։

Երկու դեպքում էլ հավելավճարը կգանձվի պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պապիկյանի խոսքով, ներկայում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով շուրջ 4000 պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային զինվորական ծառայության, և այս թիվը շարունակելու է աճել։

Ընդ որում` նախագծով նախատեսվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ավարտից հետո, այն զինծառայողների համար, որոնք կշարունակեն ծառայությունը ևս երկու կամ հինգ տարով, սահմանել հավելավճար՝ երկու տարվա դեպքում մեկ ու կես միլիոն, հինգ տարվա դեպքում՝ հինգ միլիոն դրամ։ «Փոփոխության նպատակը նյութական մոտիվացիա ստեղծելն է հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար, որպեսզի նրանք շարունակեն պայմանագրային զինվորական ծառայությունը և դառնան արհեստավարժ զինված ուժերի հիմնական կրողներ։ Երկրորդ պայմանագրից հետո՝ առավելագույնը 30 տարեկանում, զինծառայողները, ովքեր կունենան մինչև 10 տարվա զինվորական փորձ, մեծամասամբ կշարունակեն ծառայությունը»,- նշել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ նախագիծը հավանության է արժանացել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից և կոչ արել պատգամավորներին ընդունել այն առաջին ընթերցմամբ։

Ռազմագերիներ