
Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի վաճառքը. խախտողների համար նախատեսված է մինչև 150 հազար դրամ տուգանք
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է առևտրի և ծառայությունների ոլորտում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, որի նպատակն է մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի գործածությունը աստիճանաբար կրճատել և արգելել։
Մկրտչյանը նշել է, որ նախագծերը համապատասխանում են կառավարության ծրագրի առաջնահերթություններին և եվրոպական միության համապատասխան դիրեկտիվներին, որոնք վերաբերում են պլաստիկի շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։ Փաթեթով առաջարկվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես վաճառքներում և բացօթյա առևտրի վայրերում արգելվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային պարկերի, տոպրակների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։
«Բացառություն է նախատեսվել՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող, երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի և կափարիչով պլաստիկ տարաների համար։ Արգելքը խախտելու դեպքում առաջին անգամ կիրառվելու է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանք կլինի 100-ից 150 հազար դրամ։ Իրավախախտումների վերահսկողությունը վերապահվել է տեղական ինքնակառավարման մարմիններին և շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համատեղ իրականացվող մեխանիզմով, իսկ որոշ դեպքերում նախատեսվում է նաև դիտարկման ձևով վերահսկողություն»,- նշել է նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Մկրտչյանը ընդգծել է, որ մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր քայլ է, որը կցուցադրի Հայաստանի պատրաստակամությունը պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն լինելուն։ Նախարարի տեղակալը պատգամավորներին կոչ է արել հավանության արժանացնել նախագծերի փաթեթը։


