11 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սանկցիա կկիրառվի օտարերկրյա այն հաղորդումների վրա, որոնք միջամտում են ՀՀ ներքաղաքական կյանքին

Սանկցիա կկիրառվի օտարերկրյա այն հաղորդումների վրա, որոնք միջամտում են ՀՀ ներքաղաքական կյանքին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ազգային ժողովում ներկայացրել է տեսալսողական մեդիայի ոլորտում առաջարկվող նոր կարգավորումները։ Նախարարի խոսքով, փոփոխությունների նպատակն են ապահովել Հայաստանի քաղաքացիների տեղեկատվական անվտանգությունը, նվազեցնել բացասական տեղեկատվության ազդեցությունը և լրացնել տեսալսողական մեդիա ոլորտում առկա իրավական բացերը, նաև ստեղծել հավասար մրցակցային պայմաններ։

Նախարարի խոսքով՝ ներկայիս օրենսդրությունը հիմնականում կարգավորում է հանրային մուլտիպլեքսը՝ 26 հեռուստաալիքների գործունեությունը, սակայն օրեցօր ավելի շատ մարդիկ սկսում են օգտվել կաբելային հեռուստաալիքներից, ինտերնետային հարթակներից և ՕՏՏ (OTT) հարթակներից, ուստի անհրաժեշտ է արդիականացնել կանոնակարգերը և տարածել դրանք լայն ընդգրկման վրա։

Նոր կարգավորումների համաձայն՝ հանրային մուլտիպլեքսի համար նախատեսված կանոնները հետայսու կիրառվելու են նաև ցանցային օպերատորների վրա՝ ներառյալ կաբելային հեռուստաալիքները։ Նույն կանոնները վերաբերում են նաև օտարերկրյա հեռուստաալիքներին, որոնք հեռարձակվում են Հայաստանի տարածքում ցանցային օպերատորների միջոցով և կարող են ազդել ներքաղաքական կյանքի վրա։ Այս դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կկարողանա կիրառել սանկցիաներ, իսկ խախտման դեպքում նախատեսված են նաև լիցենզիայի կասեցման կամ դադարեցման մեխանիզմներ։

Նախարարի խոսքով՝ փոփոխությունները հիմնված են 2010 թվականից գործող Եվրոպական Միության համապատասխան դիրեկտիվների վրա և մշակված են մեղմ ձևաչափով՝ պահպանելով խոսքի ազատությունը և խուսափելով գրաքննությունից։

Նախարարը պատգամվորներին կոչ արեց հավանության արժանացնել նախագծերը, ընդգծելով, որ դրանք կօգնեն ստեղծել հավասար և արդար տեսալսողական մեդիա միջավայր ամբողջ Հայաստանում։

Ռազմագերիներ