
Զատուլինը Հայաստան-ԱՄՆ միջուկային համաձայնագիրն անվանել է Ռուսաստանի շահերի դեմ ուղղված հարձակում
Քաղաքացիական միջուկային էներգիայի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագիրը, որը նախատեսում է 9 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրում, հարձակում է տարածաշրջանում ռուսական շահերի և ազդեցության վրա. RTVI-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նա հիշեցրել է, որ Մեծամորի ատոմակայանը, որն այժմ Հայաստանին մատակարարում է էլեկտրաէներգիա՝ ռուսական գազի հետ մեկտեղ, վերանորոգվել և վերագործարկվել է Ռուսաստանի շնորհիվ՝ մի քանի տարվա անգործությունից հետո։
«Հիմա պարոն Փաշինյանը, որի համար սա բացարձակապես ոչինչ չի նշանակում, գործարքներ է կնքում ամերիկացիների հետ։ Այլ կերպ ասած՝ նա հրաժարվում է «Ռոսատոմի» հետ համագործակցությունից, որը մինչ այժմ գործում էր Հայաստանում՝ հօգուտ ամերիկացիների հետ համագործակցության։ Մի՞թե սա մեր շահերի, մեր ազդեցության, մեր հեռանկարների դեմ հարձակում չէ։ Իհարկե, այդպես է», – պնդել է Զատուլինը։


