12 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում Իրանի հետ ռազմավարական կապերն ընդլայնելու և խորացնելու համար․ Մհեր Գրիգորյան

ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում Իրանի հետ ռազմավարական կապերն ընդլայնելու և խորացնելու համար․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անկեղծության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա, և ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում՝ ընդլայնելու և խորացնելու Իրանի հետ ռազմավարական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Իրանի Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Առկա քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության արդյունքում մեր երկրների միջև հարաբերություններն օրեցօր զարգանում են՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարօրության։ Բարձր ենք գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչած հայտարարություններն ՝ ի սատարումն ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության, հատկապես այն շրջանում, երբ տարածաշրջանային զարգացումների բերումով Հայաստանն իրապես ուներ նման աջակցության կարիք»,- ասաց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ նախորդ տարվա կարևոր իրադարձություններից էր ԻԻՀ նախագահի այցը Հայաստան, որի շրջանակում երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։

«Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերի քննարկման և համագործակցության զարգացման նոր հնարավորությունների բացահայտման համար կարևոր հարթակ է մեր երկրների միջև գործող միջկառավարական համատեղ հանձնաժողովը։ Որպես հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ՝ նշեմ, որ ուրախ կլինենք հանձնաժողովի հերթական նիստն այս տարի կազմակերպել Երևանում և հյուրընկալել Իրանի մեր գործընկերներին»,- նշեց ՀՀ փոխվարչապետը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ միջկառավարական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակում հայկական կողմը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Իրանի և Հայաստանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները։ Գրիգորյանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսական համագործակցությունից մինչև տրանսպորտ, առողջապահություն, կրթություն, մշակույթ, շրջակա միջավայր և զբոսաշրջություն։

«Մենք վերահաստատում ենք, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման ու կայունության ամրապնդման»,- եզրափակեց ՀՀ փոխվարչապետը։

Ռազմագերիներ