
Տիեզերքի ուսումնասիրության ժամանակ հնարավոր է՝ հանդիպենք այլմոլորակայինների
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ աստղային տարբեր համակարգեր ուսումնասիրելիս մարդկությունը հնարավոր է՝ հանդիպի այլմոլորակայինների և միլիոնավոր տարիներ գոյատևած քաղաքակրթությունների։
«Ես իսկապես ուզում եմ Լուսնի վրա տեսնել էլեկտրամագնիսական փոխանցիչ, որն արհեստական բանականությամբ աշխատող արբանյակներ կուղարկի խոր տիեզերք․ դրանք կթռչեն շատ արագ՝ մեկը մյուսի հետևից։ Ես չեմ կարող պատկերացնել ավելի էպիկական բան, քան էլեկտրամագնիսական փոխանցիչը Լուսնի վրա կամ ինքնաբավ քաղաք Լուսնի վրա․ ապա կանցնենք Լուսնից Մարս, կշրջենք մեր արեգակնային համակարգով մեկ և, ի վերջո, կհայտնվենք աստղերի մեջ, կայցելենք այդ բոլոր աստղային համակարգերը։ Գուցե մենք հանդիպենք այլմոլորակայինների, գուցե հանդիպենք միլիոնավոր տարիներ գոյատևած որոշ քաղաքակրթությունների, և այնտեղ գտնենք այլմոլորակային հին քաղաքակրթությունների մնացորդներ», – X-ում գրել է Մասկը։
Նա հավելել է, որ նման բաների մասին հնարավոր է կարդալ միայն գիտաֆանտաստիկ ժանրի գրքերում՝ նշելով, որ այդ նպատակին հասնելու միակ ճանապարհը Տիեզերք գնալն ու այն ուսումնասիրելն է։


