
«Ինտերը» պատրաստ է երկարաձգել Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը՝ բացառություն անելով իր քաղաքականության մեջ
Իտալական «Ինտեր» ակումբի սեփականատեր Oaktree ընկերությունը պատրաստ է թույլ տալ ակումբի ղեկավարությանը նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին՝ բացառություն անելով ակումբի նոր քաղաքականության մեջ․ գրում է sempreinter.com կայքը։
Ընկերության նոր քաղաքականության համաձայն՝ թիմի միջին տարիքը պետք է նվազեցվի։ Բացի այդ, ընկերությունը կրճատում է խաղացողների հետ երկարաժամկետ պարտավորությունները նրանց կարիերայի մայրամուտին։
Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետին մնացել է 6 ամսից էլ պակաս ժամանակ․ ավելին, հայ կիսապաշտպանը այս տարվա հունվարին դարձել է 37 տարեկան։ Նշվում է, որ այս պատճառով «Ինտերը» մինչև վերջերս քիչ էր հետաքրքրված հայ կիսապաշտպանին նոր պայմանագիր առաջարկելով, սակայն իրավիճակը, կարծես թե, փոխվել է, և Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի լքի San Siro մարզադաշտը։


