
«Ընտանիքս ծանր վիճակում է»․ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու հարցը դատարանը քննության թեմա չդարձրեց
Իշխանափոխությունից հետո այս գործի հետ կապված բոլորը ճաղերի հետևում են հայտնվելու․ այսօր Բագրատ սրբազանի և աջակիցների գործով դատական նիստին հայտարարեց Վահագն Չախալյանը։
Նրա փաստաբանը միջնորդություն ներկայացրեց՝ Չախալյանի կալանք խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Փաստաբանն ասաց, որ Չախալյանի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է հայտնվել. երեխաների խնամքը կնոջ ուսերին է միայն, վերջինս էլ չի հասցնում։ Բացի այդ՝ փաստաբանն ասաց, որ բանկային պարտավորություններ ունի Չախալյանը, որոնք ևս չի կարողանում հասցնել կինը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը, անդրադառնալով միջնորդությանը, ասաց․ «Ձեր միջնորդությունը քննարկման ենթակա չէ, այն կարող է քննարկվել միայն խափանման միջոցի ժամկետի ավարտին մոտ՝ 2026 թվականի մարտի 4-ին»։
Դատավորն ասաց, որ ներկայացված փաստերն առաջին անգամը չէ, որ լսում է։ Փաստաբանը հակադարձեց՝ ասելով, թե նա առաջին անգամ է ներկայացնում ընտանեկան դրությունն ու բանկային պայմանագրերը։
«Ինչպիսի՞ փաստաթուղթ պետք է բերենք, որ նրա խափանման միջոցը փոխեք։ Ախր նրա ընտանիքը շատ ծանր վիճակում է. պետք է, Աստված հեռու պահի, ինչ-որ մեկին մի բան պատահի, որ ազատ արձակե՞ք։ Մարդասիրական հարցերը չե՞ք ուզում հաշվի առնել»,- ասաց փաստաբանը։
Այն, ինչ հրատապ է համարում փաստաբանը, ընդունելի չէ դատարանի համար։ Իր հերթին Չախալյանն ասաց, որ չէր ցանկանում հարցը բարձրաձայնել, բայց գերադասել է խոսել հանուն ընտանիքի։
«Հունվարից սկսած՝ ընտանիքիս սոցիալական վիճակը բարդացել է։ Կինս հազիվ է հասցնում երեխաներիս դասի տանել, չի էլ հասցնում տանել։ Սա արդեն ուղիղ ազդում է իմ ընտանիքի վրա։ Ես մի անգամ Վրաստանում եմ տուն կորցրել, հիմա էլ ուզում եք էստե՞ղ կորցնեմ»,- ասաց Վահագն Չախալյանը։
Դատարանն ընդհանրապես քննության թեմա չի դարձնում այս հարցը։
Դատավորի որոշումը բարկացրեց Չախալյանի հարազատներին, որոնք դահլիճում նստած էին։
«Ամո՛թ». բացականչեց հարազատներից մեկը։


