
Փախուստի մեջ գտնվող գողն Օլիմպիական խաղերի ժամանակ իր ազգային թիմին աջակցելու համար գնացել է Միլան ու «բռնվել»
Ոստիկանության կողմից հետապնդվող ազգությամբ սլովակ գողը ձերբակալվել է Միլանում, այն բանից հետո, երբ ժամանել է քաղաքի մոտակայքում գտնվող բնակարան՝ Ձմեռային օլիմպիական խաղերում իր ազգային հոկեյի թիմի խաղը դիտելու համար․ գրում է Euronews-ը՝ հղում անելով Իտալիայի ոստիկանությանը։
44-ամյա տղամարդը հետախուզվում էր Բոլցանոյի դատարանի կողմից 2010 թվականին տրված կալանքի օրդերով։ Չորեքշաբթի առավոտյան նա գրանցվել է Միլանի ծայրամասում գտնվող Բաջիո թաղամասի կացարաններից մեկում, որից հետո ոստիկանությունն ավտոմատ ազդանշան է ստացել նրա՝ այնտեղ գտնվելու մասին։
Իտալական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ձերբակալության ժամանակ տղամարդը դիմադրություն ցույց չի տվել։ Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ մեկնել էր Միլան՝ Ձմեռային օլիմպիական խաղերում Սլովակիայի հոկեյի թիմին աջակցելու համար: Նրան տեղափոխել են Սան Վիտտորե բանտ՝ կրելու մնացած 11 ամիս և 7 օր պատիժը։


