13 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ ճանապարհով է հակաքաղցկեղային դեղամիջոցի կեղծված տուփը հայտնվել ՀՀ-ում․ԱՆ փորձագիտական կենտրոնն է պարզաբանել

Ի՞նչ ճանապարհով է հակաքաղցկեղային դեղամիջոցի կեղծված տուփը հայտնվել ՀՀ-ում․ԱՆ փորձագիտական կենտրոնն է պարզաբանել

Օրեր առաջ հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի հնարավոր կեղծման վերաբերյալ ահազանգից հետո Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների» փորձագիտական կենտրոնը պարզաբանում է ներկայացրել։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանի խոսքով՝ խնդիրը դեղամիջոցի ընդամենը մեկ տուփի հետ է եղել, որի իսկության վերաբերյալ կասկած է առաջացել այն բանից հետո, երբ բուժառուն դիմել է շվեյցարական Roche ընկերությանը՝ խնդրելով հաստատել դեղի իսկությունը։

Ըստ նրա՝ «Ավաստինը» ձեռք է բերվել եվրոպական որևէ երկրում, սակայն կոնկրետ երկիր չի նշվում։ Չի բացառվում նաև, որ դեղը գնվել է առցանց եղանակով։ Միաժամանակ Լիլիթ Ղազարյանը ընդգծել է, որ քիչ հավանական է, թե եվրոպական օրինական դեղատնային ցանցում կարող էր շրջանառվել կեղծ «Ավաստին»։

«Կասկածելի սերիայի վերաբերյալ «Ռոշ» ընկերությանը տրամադրվել են լուսանկարներ, որոնց ուսումնասիրությունից հետո ընկերությունը հաստատել է կեղծման փաստը՝ նշելով, որ տվյալ սերիան ընդհանրապես չի արտադրել։ Տարբերություններ են արձանագրվել նաև փաթեթավորման տառատեսակների մեջ»,- ասել է Ղազարյանը։

Նա վստահեցրել է, որ տվյալ խմբաքանակը Հայաստան օրինական ճանապարհով չի ներկրվել։

«Մենք չունենք այդպիսի խմբաքանակ Հայաստանում։ Դեղը մշտապես ներկրվել է գրանցման հավաստագրի իրավատիրոջից։ Այս պահին ևս Հայաստանում առկա է «Ավաստին», և այն պատշաճ որակի արտադրանք է»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ