14 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը խոսել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության մասին

Ալիևը խոսել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության մասին

Մյունխենում՝ France 24-ին տված հարցազրույցում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը բարձրացրել է Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը։

«Ես ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ, և դրանով ամեն ինչ ավարտվեց…»,-հայտարարել է Ալիևը։

Նա պնդել է, թե նրանք «անջատողականներ են», որոնք «ապօրինի գործել են» միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետություն ճանաչված տարածքում։

Չնայած Բաքվում անցկացված դատական նիստերին ոչ մի միջազգային լրատվամիջոց ներկա լինելու հնարավորություն չի ունեցել, դրանք լուսաբանել են բացառապես ադրբեջանական լրատվականները՝ Ադրբեջանի նախագահը պնդել է, թե նիստերն անցկացվել են լիովին թափանցիկ։

Նա խոսել է հայ գերիներին տրամադրված փաստաբանների մասին, մինչդեռ իրականում նրանց շահերը պաշտպանել են ադրբեջանցի փաստաբանները, քանի որ միջազգային փաստաբանների առաջ բազմաթիվ խոչընդոտներ են եղել։

Ադրբեջանի նախագահն Արցախի գերեվարված ղեկավարության շինծու դատավարությունը համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների հետ։

Երբ Ալիևին առաջարկվել է շրջել էջը և ներում շնորհել գերիներին, նա հայտարարել է. «Այս մարդիկ մարդկության դեմ լուրջ հանցագործություններ են կատարել։ Նանց հանցագործությունները նույնիսկ ավելի ծանր են, քան այն, ինչ նացիստները կատարել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»։

Ռազմագերիներ