
Ըստ 2025-ին հարուցված վարույթների՝ Շիրակում պետությանը պատճառվել է 77 միլիոն դրամ վնաս․ բյուջե է վերադարձվել մի մասը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները․ տեղեկացնում են Դատախազությունից։
«Արմեն Չիչոյանը, ներկայացնելով Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 77 միլիոն 160 հազար դրամ: 2025 թվականին Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 21 միլիոն 972 հազար դրամը:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Շիրակի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 32 միլիոն 673 հազար դրամ:
Բացի այդ, Արմեն Չիչոյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական և վարչական դատարանների կողմից վարույթ են ընդունվել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված 3 հայցեր: Դատախազությունը հայցերով պահանջել է Գյումրի, Արթիկ ու Ամասիա համայնքների սեփականության իրավունքը վերականգնել Գյումրի համայնքի Արագած 6 թաղամասում գտնվող գույքի, Արթիկ համայնքի Շինարարների փողոցի 7 հասցեում գտնվող՝ նախկին մսուր-մանկապարտեզի 964.20 քմ մակերեսով շինության և Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում:


