Այն, ինչ ձեռնտու է Հայաստանին, այդպես էլ կվարվենք․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ալիքին
Արդյոք Ռուսաստանը գործում է Հայաստանի շահերի դեմ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է ռուսական «Дождь» հեռուստաալիքի հարցերին։ Սիմոնյանն ասել է, որ ցանկացած երկիր գործում է իր շահերի համար։
Ալեն Սիմոնյանի հարցազրույցի թիրախային կետերը ստորև․
- Եթե այդ շահը վաղը կամ մյուս օրը նրանց թելադրի որոշակի քայլեր ձեռնարկել, նրանք երկար չեն մտածի։ Եվ այս ողջ հռետորաբանությունը, բոլոր այդ կենացները, լիրիկան, թե մենք ընկերներ ենք, եղբայրներ ենք, քրիստոնեությունը և նմանատիպ այլ բաներ. երբ խոսքը երկրի շահերի մասին է, այդ ամենը բնականաբար մի կողմ կդրվի, ինչպես մարդկության պատմության ընթացքում արվել է հարյուրավոր անգամներ:
- Արտաքին քաղաքականությունն իրականացվում է «այն, ինչ ձեռնտու է Հայաստանին, այդպես էլ կվարվենք» սկզբունքով։ Կան պայմանավորվածություններ, կա փոխգործակցություն բոլոր երկրների հետ։ Ռուսաստանի հետ քաղաքականությունը մենք նույնպես հավասարակշռելու ենք՝ լինի դա Վենսը, լինի դա Միացյալ Նահանգները, թե Ֆրանսիան, Եվրամիությունը. սկզբունքն այսպիսին է:
- Սերգեյ Լավրովի հետ հանդիպումն աշխատանքային այց էր և տեղի ունեցավ այն խոսակցությունը, որն ակնկալում էի: Զրույցն ինձ դուր եկավ․ չկար ագրեսիա, չկային հարցեր, որոնք հնարավոր չէր քննարկել կամ որոնք կառաջացնեին իրավիճակներ, երբ կողմերից մեկն իրեն անհարմար կզգար: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում էին հենց այդ հանդիպումը, նրանք շատ ավելի ագրեսիվ էին և բոլորովին այլ հարթության մեջ: Եվ սա ինձ իրոք չզարմացրեց, բայց փոքր-ինչ տարօրինակ էր:
- Մենք նպատակահարմար համարեցինք խնդրել ռուսաստանցի գործընկերներին հեռանալ օդանավակայանից, հեռանալ մի քանի վայրերից, որտեղ նրանք պաշտպանում էին հայ-ադրբեջանական սահմանը։ Հենց որ կամ եթե նպատակահարմար համարենք, կսկսենք այդ խոսակցությունը։ Բայց այս պահին դա չենք քննարկում։ Որովհետև եկեք հասկանանք, եկեք նայենք քարտեզին՝ որտեղ է գտնվում Հայաստանը և ինչ մարտահրավերներ ունի։ Ես չեմ ասում, թե ռուսաստանյան ռազմակայանն ամեն ինչի հարյուրտոկոսանոց երաշխիք է, բայց, օրինակ, մեր տարածաշրջանում, առավել ևս ներկայիս իրավիճակում, սրելն ու շատ կտրուկ քայլեր անելը սխալ է։
- Եկեղեցու հետ առճակատում չկա։ Կա առճատատում այն մարդկանց հետ, որոնք սպասարկում են շահեր, որոնք հաճախ գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս և առավել ևս սպասարկում են իրենց անձնական ֆինանսական, չեմ ուզում այդ բառն արտաբերել, բայց եկեք դա անվանենք «ինտիմ» շահեր։


