
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է քննության ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի կողմից ներկայացված գանգատն եւ այն պաշտոնապես հաղորդել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։
Պաշտպանական խմբի հայտարարության մեջ ասված է.
«Դիմումը քննության է ընդունվել «well-established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձեւավորել է կայուն եւ հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, եւ առկա է ձեւավորված իրավական գնահատական։
Գանգատը վերաբերում է՝
- կալանքի` իրավաչափությանը, տեւողության հիմնավորվածությանը,
- դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,
- իրավական որոշակիության եւ կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։
Դավիթ Տոնոյանը շուրջ երեք տարի գտնվել է կալանքի տակ։
Սույն փուլում քննությունը վերաբերում է բացառապես Կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին եւ չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաեւ չի կանխորոշում դատավարության արդյունքը։
Ի դեպ, հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել:
Դատական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է»։


